ԱՊՀ երկրները հայտնում են Ռուսաստանի հետ սահմանը բացելու պատրաստակամության մասին: Փորձագետները գնահատել են թռիչքների վերականգնման հեռանկարները, ինչպես նաեւ կիսվել միջազգային ավիահաղորդակցությունն ընդլայնելու կանխատեսումներով: Այս մասին գրում է «Atorus»-ը:
Ղազախստանն ու Հայաստանը պատրաստ են բացել Ռուսաստանի հետ սահմանը:
Ռուսաստանի հետ սահմանը բացելու մտադրություն ունի նաեւ Հայաստանի կառավարությունը: Ինչպես հայտնել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ռուսական կողմը եւս պատրաստակամություն է հայտնել բացել սահմանը, այդ հարցով բանակցություններ են ընթանում:
Նա նաեւ նշել է, որ ՀՀ կառավարության որոշմամբ ՌԴ ցանկացած քաղաքացի կարող է Հայաստան այցելել առանց հատուկ թույլտվության՝ չնայած երկրում պահպանվող ԱԴ ռեժիմին:
Ամենայն հավանականությամբ, Ռուսաստանը կվերսկսի ԱՊՀ երկրների մեծամասնության հետ ավիահաղորդակցությունը սեպտեմբերի 1-ից: Այդ մասին պաշտոնապես կարող են հայտնել օգոստոսի 20-ից:
Փորձագետները նշում են, որ չվերթների վերսկսման մի քանի պատճառ կա: Առաջին հերթին, ՌԴ-ում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը կայունանում է, սեպտեմբերին ծրագրվում է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արտադրություն, երկրորդ հերթին, ԱՊՀ երկրներում եւս իրավիճակը կայունանում է: Բացի այդ, այդ երկրները մտադիր են ռուսական պատվաստանյութ գնել:
«Այդ պատճառով Ղազախստանը, Տաջիկստանը, Ղրղզստանը, Հայաստանը ներառվել են 30 երկրների ցուցակում, որոնց հետ ՌԴ տրանսպորտի նախարարությունն առաջարկել է վերականգնել չվերթները»,-«Atorus»-ին ասել է ավիաոլորտում իրազեկ աղբյուրներից մեկը:
Դեռ հայտնի չեն Բելառուսի հետ սահմանի բացման ժամկետները:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը