«Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, խոսելով հայ-ադրբեջանական հակամարտության մասին, հայտարարել է, որ այս թեման չպետք է հիմքեր ստեղծի բռնությունների եւ բախումների համար Ռուսաստանի Դաշնության ներսում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ինձ թվում է, որ մեր իրավապահ մարմինները պետք է կենտրոնանան նրա վրա, որ երկրի ներսում այս թեման չպետք է հիմքեր ստեղծի բռնության գործադրման եւ որեւէ բախման համար»,- ասել է նա «ՊոլիտՍտարտափ» կադրային նախագծի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ:
Մեդվեդեւը նշել է, որ սփյուռքերը եւս պետք է զգան իրենց պատասխանատվությունը: «Հակառակ դեպքում, նրանք, ովքեր խախտում են Ռուսաստանի օրենսդրությունը, անկախ նրանից, թե ինչ ազգի են նրանք պատկանում, պետք է խիստ պատասխանատվության ենթարկվեն Ռուսաստանի օրենքների համաձայն: Իսկ եթե այդ խախտողներն օտարերկրյա քաղաքացիներ են, նույնիսկ` մեր բարեկամ երկրների, նրանց նկատմամբ պետք է հասկանալի միջոցներ կիրառել, նրանց պարզապես պետք է վտարել երկրից, եթե պատասխանատվության կիրառման համար այլ սկիզբ չկա»,- նշել է Դմիտրի Մեդվեդեւը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը