«Մայիսին արձանագրվել է 7.3 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ, բայց կարծում եմ այստեղ առավել կարևոր է բովանդակությունը: Անցած տարվա մայիս ամսվա նկատմամբ ունենք 15 տոկոս արտահանման աճ»,- այսօր կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նկատելով, որ արտահանման վերաբերյալ մտահոգությունները փարատված են:
Փաշինյանն ընդգծեց, որ Հայաստանի տնտեսական դաշտը մարսել է տնտեսական հեղափոխության վերաբերյալ կառավարության մեսիջները:
«Մի քանի օր առաջ մենք քննարկում էինք, որ շատ կարևոր է, որ այս մեսիջները ընկալվեն նաև պետական կառավարման համակարգում: Նշենք նաև, որ գյուղատնտեսական ծագման ապրանքների արտահանման ոլորտում ենք ունենք շոշափելի աճ»,- նկատեց վարչապետը:
Փաշինյանը հայատարարեց նաև, որ արտահանման ուղիների բնականոն գործունեությունը եղել է ՀՀ և ՌԴ բարձրագույն ղեկավարների քննարկման մշտական թեման:
«Ես այս հարցը մշտապես քննարկել եմ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: Մենք այս առումով կոնկրետ պայմանավորվածություներ ենք ձեռք բերել: Ինչպես նաև Վրաստանի վարչապետի հետ ենք բազմիցս քննարկումներ ունեցել:
Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ՌԴ և Վրաստանի մեր գործընկերներին այս հարցում մեր պայմանավորվածությունները ճշգրիտ կյանքի կոչելու համար:
Ես ուրախ եմ, որ արդեն մի քանի ամիս շարունակ մենք արձանագրում ենք, որ մեր տնտեսությունը գտնվում է լավ տրամադրության մեջ և լավ սպասումների մեջ»,- հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը