05 08 2020

Բեյրութում պայթյունից մահացածների թվում 6 հայ կա․ ՀՀ ԱԳՆ

Բեյրութում պայթյունից մահացածների թվում 6 հայ կա․ ՀՀ ԱԳՆ

Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հայազգի մահացածների թիվն այս պահի դրությամբ վեցն է։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

«ԱԳՆ-ում ձևավորվել է աշխատանքային խումբ՝ Լիբանանին թիրախային աջակցության տրամադրումն Լիբանանի ճգնաժամային կառույցի հետ համակարգելու նպատակով։ Լիբանանում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է տեղի պատկան մարմինների հետ՝ միասնաբար գնահատելու լիբանանյան կողմի կարիքները և աջակցության շրջանակը։

Զուգահեռաբար կապ է պահպանվում հայ համայնքային կառույցների հետ՝ կարիքները գնահատելու նպատակով։

Լիբանանում դեսպանությունն աշխատում է արտակարգ ռեժիմով, գործում է թեժ գիծ։

Լրատվամիջոցների ներկայացուցիչներին խնդրում ենք կապ պահպանել բացառապես ինձ հետ՝ դեսպանությանը թույլ տալով անխափան իրականացնել համակարգման ողջ աշխատանքը։

Ձեռնարկվող քայլերի մասին տեղեկատվությունը կտրամադրենք հավելյալ»,-գրել է նա։

Ավելի վաղ Tert.am-ը հայտնել էր զոհված հայերից 4-ի անունները։

Լիբանանյան լրատվամիջոցները հայտնել են Ջեսիկա Բեզջյանի մահվան մասին, որ Բեյրութի նավահանգստի պայթյունի ժամանակ եղել է Ռում հիվանդանոցի իր աշխատավայրում: 

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել պայթյունի հետևանքով լիբանանահայ գործիչ Նազար Նաճարյանի զոհվելու մասին: «Լիբանանի «Ազդակ» օրաթերթը հայտնում է, որ պայթյունի հետևանքով զոհերի թվում կա ևս մեկ հայ՝ Ժաք Պարամաքեանը:

Հայազգի զոհերի թվում է նաև Դելիա Փափազյանը: Երկու երեխաների մայր Դելիա Փափազյանն ընտանիքով բնակվում էր նավահանգստին շատ մոտ թաղամասում:

Լիբանանի մայրաքաղաքում փորձում են ուշքի գալ օգոստոսի 4-ի երեկոյան որոտացած աղետալի պայթյունից: Բեյրութի նավահանգստում որոտացած հզոր պայթյունի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 100-ը, վիրավորները 4000-ից ավելի են, հայտնում է Լիբանանում Կարմիր խաչի գրասենյակը: 

Պայթյունի հարվածային ալիքն այնքան ուժեղ է եղել, որ մայրաքաղաքի որևէ հատված ավերածությունից զերծ չի մնացել, անգամ հարևան Հորդանանում 4.5 մագնիտուդ ուժգնությամբ ցնցումներ են գրանցվել:

Բեյրութն օգոստոսի 4-ի երեկոյան որոտացած հզոր պայթյունի հետևանքով աղետի գոտի է հայտարարվել, քաղաքում երկու շաբաթով՝ օգոստոսի 4-18-ը, արտակարգ դրություն է սահմանվել:

Լիբանանի Անվտանգության բարձրագույն խորհրդի արտահերթ նիստում վարչապետ Հասան Դիաբը հայտարարել էր, որ աղետի մեղավորները խիստ պատասխանատվության են ենթարկվելու:

«Բացարձակապես անընդունելի է, որ վեց տարի շարունակ նավահանգստի պահեստում 2750 տոննա ամոնիումի նիտրատ է պահվել, և նավահանգստի կառավարիչների կողմից պրոֆիլակտիկ որևէ գործողություն չի իրականացվել»,- շեշտել է Դիաբը:

Բեյրութում որոտացած ավերիչ պայթյունի հետևանքով մեծ վնասներ են կրել նաև հայկական համայնքային կառույցները:

«Վնասվել են Անթիլիասի Մայր Տաճարի, Վեհարանի, հայագիտական և մանկավարժական կենտրոնների, ինչպես նաև՝ «Կիլիկիա» թանգարանի դռները, պատուհանները, ջահերը»,- ասված է կաթողիկոսարանի տարածած հաղորդագրությունում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ