Politik.am-ը գրում է․ «Իշխանափոխությունից հետո տարբեր անգամներ սկանդալների կենտրոնում հայտնված իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանը կրկին սկանդալի կենտրոնում է։ Այս անգամ նա Սևանի ափին փարթի է կազմակերպել, որի մասնակիցները, այդ թվում պատգամավորն ինքը ևս առանց դիմակի է։
«Հայրենիք» կուսակցության անդամ, իրավաբան Արսեն Բաբայանը նկատել է, որ պատգամավորը օրենքի խախտմամբ զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ․ «Մի՞թե իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանի գործերն այնքան վատ են, որ խորհրդարանական արձակուրդների ընթացքում իրեն չխնայելով բարմեն է աշխատում, որպեսզի կարողանա ընտանիք պահել:
Ոչ, անշուշտ այդպես չէ։ Պարզապես պատգամավոր Հայկն անձամբ զբաղված է ձեռնարկատիրական գործունեությամբ: Նա Սևանալճի ափին բացել է White Shorja լողափն ու թքելով հանրային ծառայության մասին օրենքի երեսին և կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գլխին` շատ հանգիստ ու անձամբ բիզնեսով է զբաղվում:
Նա արդեն այնքան լուրջ բիզնեսմեն է, որ հանգիստ ու համապարփակ թքած ունի նաև Նիկոլի դիմակ կրելու պահանջի վրա»,-գրել է Բաբայանը և կից հրապարակել Հայկ Սարգսյանի լուսանկարը:
Ստացվում է, որ Հայկ Սարգսյանն այնքան է իշխանության ներսում ուժեղացրել իր դիրքերը, որ թքած ունի և Նիկոլ Փաշինյանի, պարետ Ավինյանի որոշումների վրա։ Փաշինյանը կարծում ենք լուրջ մտահոգվելու տեղ ունի և եթե իր որդու հարսանիքը կազմակերպելու համար պաշտոնանակ արվեց ԳՇ պետ Արտակ Դավթյանը, ապա Հայկ Սարգսյանին պետք է շատ արագ զրկի մանդատից, քանի որ նա անտեսում է հակահամաճարակային կանոներն ու պարետի որոշումները, որն ինչպես պնդում է Արսեն Բաբայանը անում է բիզնես հետաքրքրությունից ելնելով։
***
Antifake.am-ն իր հերթին գրում է․
«Կորոնավիրուսային համաճարակի և արտակարգ դրության այս օրերին իշխանական մի շարք արտոնյալ ներկայացուցիչներ զբաղված են բազմամարդ «փարթիներ» կազմակերպելով, որոնք, բնականաբար, անպատիժ ու անհետևանք են մնում։
Այս պահին Սևանա լճի «Սպիտակ Շորժա» (“White Shorja”) անունով լողափում, որը պատկանում է իմքայլական պատգամավոր Հայկ Սարգսյանին, մեծ և բազմամարդ փարթի է կազմակերպվել Հայկ Սարգսյանի, նրա մտերիմների և հարյուրից ավելի անձանց մասնակցությամբ։
Իշխանական պատգամավորի կազմակերպած լողափնյա փարթին, որի ընթացքում երգել է նաև Գոռ Սուջյանը, անցնում է քեֆ ուրախությամբ ու պարերով։ Երեկոն լողափին ավելի թեժ է՝ դիսկոտեկայով ու ավելի շատ մարդկանց մասնակցությամբ։ Հայկ Սարգսյանն ինքն էլ պարում ու նկարում է թեժ խնջույքը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը