24 07 2020

Գողություն և վանդալիզմ Ամուլսարում. Ահազանգում է «Լիդիան Արմենիան»



«Լիդիան Արմենիան» տեղեկացնում է, որ այսօր` հուլիսի 24-ին, ընկերության համապատասխան հանձնաժողովը սկսել է Ամուլսարի տարածքում գույքագրման աշխատանքները:

Հաշվի առնելով, որ արդեն երկու տարի է «Լիդիանը» ապօրինության հետևանքով զրկված էր սեփական տարածք մուտքի հնարավորությունից, և ճանապարհները ապօրինի շրջափակած մի խումբ մարդկանց ելումուտը կարող էր տեղի ունենալ առանց ընկերության գիտության, ընկերությունն արդեն իսկ հայտնել էր Ամուլսարի տարածքում գողությունների հիմնավոր կասկածների վերաբերյալ:

Լրացուցիչ մտահոգության տեղիք էր տալիս այն հանգամանքը, որ ճանապարհները ապօրինի շրջափակած մի խումբ մարդիկ «Լիդիանի» սեփականություն հանդիսացող տարածքում, «Լիդիանի» կողմից ներգրավված պահնորդական ծառայության փոփոխությանը հունիսի 30-ին արձագանքեցին բուռն դիմադրությամբ՝ հայտարարելով, որ իրենք նախորդ պահնորդական ծառայության հետ ունեին պայմանավորվածություններ՝ տե՛ս տեսանյութը։

Գույքագրման աշխատանքների հենց սկզբից հանձնաժողովը արձանագրել է տարածքում թե՛ ենթադրյալ գողությունների նշաններ, թե՛ վանդալիզմի ակնհայտ դեպքեր։

Ամուլսարի տարածքում առկա է «Լիդիանին» պատկանող մի քանի հարյուր միլիոն դոլարի գույք, ներառյալ մի քանի տասնյակ միլիոն դոլար արժողությամբ շինանյութեր, չավարտված շինարարությամբ տարբեր հանգույցներ, որոնք առերևույթ ենթարկվել են թալանի և վանդալիզմի։

Ընդգծենք, որ երկու տարի երկրի խոշորագույն ներդրողի տարածքում այս ակնհայտ ապօրինությունը տեղի է ունեցել իրավապահ մարմինների լիակատար թողտվությամբ։

Գույքագրման ընթացիկ արդյունքների հիման վրա հաղորդում կներկայացվի իրավապահ մարմիններին, օրենքի շրջանակներում համապատասխան գործողությունների պահանջով։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ