Ուկրաինայի Լուցկ քաղաքի կենտրոնում՝ Թատերական հրապարակում, անհայտ անձն ուղևորներով լի ավտոբուս է պատանդառել: Հրապարակի տարածքը շրջափակվել է հատուկ զորքերի կողմից:
Լուցկի բնակիչներին խնդրել են մնալ տներում կամ աշխատավայրերում: Պատանդառած անձն ավտոբուսից նռնակ է նետել, բայց այն չի պայթել: Այս մասին 112 Ուկրաինա-ի եթերում հայտարարել է Ուկրաինայի ներքին գործերի փոխնախարար Անտոն Գերաշչենկոն:
«Մարդը, որն իրեն «Վատ Մաքսիմ» է անվանում, մենք կարծում ենք, որ դա կեղծանուն է, ավտոբուսից նռնակ է նետել, որը Ֆ-1 է հիշեցնում: Սակայն այն չի պայթել, քանի որ դրա օղակը քաշած չէր: Կարծում ենք, որ նա դրանով ուզում էր ցույց տալ, որ իր մոտ մարտական զենքեր կան, և որ ինքը վտանգավոր է»,-նշել է Գերաշչենկոն:
Նա պատմել է նաև, որ կրակոցի հետևանքով կոտրվել է ավտոբուսի ապակին:
«Իսկապես, տեղի է ունեցել մի կրակոց, որը կոտրել է ապակին... Կարծում ենք, որ նա է կրակել: Այժմ իրավիճակը, ընդհանուր առմամբ, հսկողության տակ է, քաղաքը շրջապատված է: Մենք պահանջում ենք, որ այդ մարդը հանձնվի»,-ասել է Գերաշչենկոն:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ևս անդրադարձել է Լուցկում զարգացող իրադարձություններն: Զելենսկին նշել է, որ իրավիճակը վերցրել է սեփական հսկողության տակ:
«Տագնապալի լուրեր Լուցկից: Առավոտյան ժամը 9:25-ին տեղի ոստիկանություն է զանգահարել մի քաղաքացի և տեղեկացրել է, որ ուղևորներով ավտոբուս է պատանդառել: Կրակոցներ են լսվել, ավտոբուսը վնասվել է: Գործի է դրվել «Պատանդ» ոստիկանական գործողությունը, իսկ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը գործի է դրել «Բումերանգ» պլանը»,-գրել է Զելենսկին իր թելեգրամյան ալիքում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը