Հայերն ու եզդիները եղբայրական ժողովուրդ են դարեր շարունակ, մեր պատմության մեջ որևէ սև էջ չի գրանցվել, ամոթ նրան, ով կփորձի սեպ խրել մեր երկու ժողովուրդների հարաբերությունների միջև: Այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց Հայաստանի եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը՝ անդրադառնալով պատգամավոր Արման Բաբաջանյանի գրառմանը:
Ինչպես արդեն նշել էինք, պատգամավորը ֆեյսբուքում գրառում էր արել՝ սպառնալիքներ հնչեցնելով, վերջում էլ թիրախավորելով հայերին և եզդիներին: Տեղեկացնենք նաև, որ այս Բաբաջանյանի այս գրառմանը նախորդել էր մամուլի հրապարակում, որի համաձայն «պատգամավորը «Կոմայգում» հանդիպել է մի քանի տրանսգենդերների հետ»:
Թամոյանն անթույլատրելի է համարում երկու ժողովուրդների հարաբերություններում սեպ խրելու յուրաքանչյուր փորձ.
«Մարդիկ կան, մի քանի կոպեկներ ստանում են արտասահմանյան կազմակերպություներից ալիքները խառնելու համար, ինչ-որ բաներ են խոսում, գրում, դա պարզապես ստորություն է»- ասաց նա:
Իսկ ահա «Սինջար եզդիների ազգային միավորում» ՀԿ նախագահ Բորիս Մուրազիի համոզմամբ, այս գրառումը Արման Բաբաջանյանի ձեռագիրն է, նրան բնորոշ վարքագծի շարունակությունը: Նա հիշեցրեց, որ Բաբաջանյանը նախկինում էլ ՀՅԴ-ի մասին էր վատ բառապաշարով գրառում արել, հետո ջնջել: «Արման Բաբաջանյանը մեր քաղաքական դաշտի ախտն է, որը նաև մեր այսօրվա իշխանության պատկերն է: Իշխանությունը ցույց է տալիս, թե իչպիսի մարդիկ են իր համար ընդունելի և օրակարգ ստեղծողները, դրանք մարդիկ են, ովքեր իրենց մոր դեմ ցուցմունք են գրել, կամ մեղադրվում են իրենց մորը բռնաբարելու փորձ անելու մեջ, կամ խուսափել են ծառայությունից»,- ասաց նա:
Բորիս Մուրազին նաև անդրադարձավ այն իրավապաշտպաններին, ովքեր գրառման մեջ որևէ վիրավորական բան չեն տեսնում: Նրա խոսքով՝ ազգային պատկանելիության շեշտումը միանշանակ խտրականության դրսևորում ունի իր մեջ:
«Ես հիշում եմ, որ 2013-ին, երբ ՀՀԿ-ական Մանվել Բադեյանը եզդիների մասին մեկնաբանություն էր արել լրագրողների հետ խոսելիս, հենց այդ նույն մարդիկ, ովքեր այսօր պաշտպանում են Բաբաջանյան Արմանին, այն ժամանակ դատապարտում էին, ասում էին, որ դա խտրականություն է»:
Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ Բաբաջանյանը ժամեր անց գրառումը հեռացրեց սոցիալական հարթակից, Մուրազիի համոզմամբ, ոչ թե սխալի գիտակցում էր, այլ պարզապես վախեցավ հանրային արձագանքից․ «Նա վախեցավ հանրային արձագանքից, ինքը մարդ է, ով ստացել է 300 ձայն, այսինքն իր տեսակետները կիսում են միայ 300 մարդ: Ես այսպես եմ հասկանում, որ սա նաև իշխանության դիրքորոշումն է, եթե չկա դատապարտում այս ամենին: Իսկ ԼՀԿ-ն պետք է հանրությունից ներողություն խնդրի այս կերպարին քաղաքական դաշտ բերելու համար»:
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը նույնպես անդրադարձել Բաբաջանյանի գրառմանը: Իր ֆեյսբուքյան էջում նա, մասնավորապես, գրել է. «ՀԱՐԳԵԼԻ ՀԱՅԱՍՏԱՆՑԻՆԵՐ
Հայաստանցիներ ասելով , նկատի ունեմ Հայաստանում ապրող բոլոր ազգերի՝ եզդիներ, հայեր, ասորիներ, ռուսներ , հրեաներ և այլ ազգերի ներկայացուցիչներին։ Խնդրում եմ, մի նեղացեք հատուկենտ իրենց քաղաքական գործիչ համարող, թեկուզ պատգամավոր, երևույթներից։ Նրանք, ոչ միայն վիրավորում են ազգային փոքրամասնություններին, տվյալ դեպքում՝ եզդիներին, այլև այդ տարրերը չունեն հայրենիք, չեն հարգում նաև իրենց ազգակիցներին, պառակտելով նրանց հայաստանցիների և արցախցիների։ Իսկ սեփական հայրենիքը հարգող անձը, կհարգի ոչ միայն իր ազգին, առանց նրանց բաժանելու ըստ աշխարհագրության, սևերի ու սպիտակների, այլև նույն սիրով և հոգատարությամբ կվերաբերվի այլ ազգերի ներկայացուցիչներին։
Իհարկե, դատապարտելի է որևէ ազգային և համամարդկային արժեքներ , բացի սեփական շահը, չդավանող այդպիսի երևույթների պահվածքը։ Ուղղակի , տվյալ պարագայում, խնդրում եմ,ձեզ հարգելի եզդիներ, արհամարհեք նրանց ։ Նման անձերի քաղաքական գործիչ, առավել ևս պատգամավոր լինելու փաստը, մեր բոլորի, ներեցեք, հատկապես հայերիս մեծագույն խայտառակությունն է»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը