Տավուշում ծավալված ռազմական գործողությունների դրվագներ կան, որոնք այսօր, միգուցե նույնիսկ վաղը, այդպես էլ չեն հանրայնացվելու: Պետք էլ չի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կետրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը։
«Դրանց հանրայնացումը քաղաքական, բարոյահոգեբանական, քարոզչական առումով կարող է մեծ օգտակարություն ունենալ, բայց որոշակի պայմանններում կարող են ստորադասվել այլ գործոնների՝ ի շահ պետության:
Դա միայն Տավուշին չի վերաբերվում, դա առհասարակ պատերազմի չգրված կանոններից է:
Պետք չէ ռազմական գործողությունների այս փուլը չավարտված ակնկալել, որ պաշտոնական մակարդակով մեզ հետաքրքրող բոլոր հարցադրումների պատասխանները կստացվեն: Դրանց մի մասը դեռ կստացվեն, մի մասը՝ միգուցե չստացվեն, նպատակահարմար չլինի:
Կարևորը արձանագրենք՝ զինված ուժերն իրենց մարտական խնդիրը կատարել են գերազանց, շարունակում են նույն մակարդակով»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, անհասկանալի պատճառով, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:
Հուլիսի 12-ին՝ ժամը 13:45-ին, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով` հետ շպրտվել:
Ադրբեջանական կողմը հրետակոծությունը շարունակել է նաև հուլիսի 13-ին և 14-ին։ Հուլիսի 15-ին սահմանին իրադրությունը համեմատաբար հանգիստ է եղել։
Ըստ վերջին տվյալների՝ ադրբեջանական կողմը պաշտոնապես հաստատված 12 զոհ ունի, հայկական կողմը՝ 4: Կան վիրավորներ:
Լույս հուլիսի 16-ին՝ ժամը 03:40-ի սահմանում, Ադրբեջանի զինուժը ձեռնարկել է դիվերսիայի փորձ: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել էր, որ դիվերսիայի փորձը կասեցվել է, և թշնամին կորուստ տալով հետ է շպրտվել: 05:20-ից սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից:
Հուլիսի 17-ին հարաբերական անդորր է եղել: Հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով հակառակորդը կիրառել է միայն տարբեր տրամաչափի հրաձգային զենքեր:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը