Օլիմպիական խաղերի, աշխարհի, Եվրոպայի և Եվրոպական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն ինստագրամյան իր օգտահաշվում գրառում է կատարել վերջին օրերին Տավուշի ուղղությամբ հայ-ադրբեջանական սահմանին առկա լարվածության վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև․
«Հրավիրում եմ միջազգային բոլոր կառույցների ուշադրությունը ՀՀ Տավուշի մարզում ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացվող գործողություններին, ադրբեջանական իշխանությունների կողմից հնչող սպառնալիքներին:
Հայ-ադրբեջանական պետական սահմանագծում հավաքական եկվորների կողմից բազմիցս խախտվում է անդորրը, վախկոտները հազիվ էլ գաղտնի ու գիշերով համարձակվեն հարձակվել:
Բանակը քանակով չի որոշվում, այլ հայրենիքին զինվորագրված երդվյալ, անզիջում պայքարող և հակահարված տվող փառապանծ զինվորներով:
Ես ձեզ հետ եմ, տղե՛րք։
Ես ձեզանից մե՛կն եմ։
Ես ի՛մ ՀԱՅՐԵՆԻՔԻ զինվորն եմ…»։
Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, մեզ համար անհասկանալի պատճառով, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն հետ են շպրտվել։
Հուլիսի 12-ից մինչ այսօր մարտական գործողությունները պարբերական ընդհատումներով շարունակվում են։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը