Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հանձնարարությամբ նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը հեռախոսազրույց է ունեցել Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի հետ:
Նշելով նախագահի խիստ մտահոգությունը սահմանագոտում ստեղծված իրավիճակի և, հատկապես, Ադրբեջանի կողմից հայկական բնակավայրերի խաղաղ բնակչության թիրախավորման փաստերի վերաբերյալ՝ Էմիլ Տարասյանը հետաքրքրվել է օրերս հակառակորդի մարտական անօդաչու սարքի հարվածից վիրավորված Չինարի գյուղի բնակիչ Արամայիս Հովակիմյանի առողջական վիճակով, ինչպես նաև խնդրել է Հանրապետության նախագահի զորակցության և շնորհակալության խոսքերը փոխանցել սահմանամերձ բնակավայրերի մեր հայրենակիցներին:
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը տեղեկություններ է ներկայացրել ադրբեջանական հարձակումներից խաղաղ բնակչության և բնակավայրերի կրած վնասների մասին, որոնց վերաբերյալ տվյալները դեռևս նախնական են:
Նախագահի աշխատակազմի ղեկավարը փոխանցել է Հանրապետության նախագահի և նախագահի աշխատակազմի պատրաստակամությունը՝ վնասների վերաբերյալ տվյալների հստակեցումից և ամբողջացումից հետո, մարզային իշխանությունների հետ քննարկել աջակցության հնարավորությունները:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը