Մի քանի օր է, ինչ համացանցում և սոցիալական ցանցերում ինչպես իրական, այնպես էլ առերևույթ կեղծ օգտատերերի կողմից ակտիվորեն շրջանառվում է մի տեսանյութ, որում նշվում է, թե իբր Հայաստանի վրա հարձակվելու համար Ալիևին Հայաստանից գումար են վճարել:
Արդեն տեղեկացրել ենք, որ «Իրավական ուղի» հասարակական կազմակերպությունը այս տեսանյութի առիթով դիմել է ԱԱԾ.
«Ազգային անվտանգության ծառայությանը նաև կոչ ենք անում օպերատիվ-հետախուզական և քրեադատավարական ընթացակարգերով պարզել այդ տեղեկության սկզբնաղբյուրը, այս պահին նման լուր շրջանառելու դրդապատճառը և արդյունքում քրեական պատասխանատվության կանչել կա՛մ թշնամու հետ համագործակցողներին (եթե կհաստատվի այդ վարկածը), կա՛մ ներքին պառակտում ու թշնամանք հրահրողներին (եթե կհաստատվի այդ տեղեկության կեղծ լինելու վարկածը)»,- ասված է հայտարարության մեջ։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը նույնպես դիմել է ԱԱԾ՝ պարզելու համար տեսանյութի հեղինակների ինքնությունը, քանի որ տեսանյութում նշվում է նաև ՀՀ երկրորդ նախագահ, Արցախի հերոս Ռոբերտ Քոչարյանի անունը: Այս մասին մեզ տեղեկացրեց գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանը:
Մեզ հետ զրույցում, գրասենյակի պատասխանատուն ողջամիտ ենթադրություն հայտնեց, որ նման հոլովակի հեղինակ կարող են ադրբեջանցիներ լինեն՝ դատելով հոլովակի բովանդակությունից։
Նշենք, որ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը տեղեկատվական անվտանգության ոլորտում ՀՀ օրենսդրությամբ վերապահված են գործառույթներ և լիազորություններ բացահայտել համացանցում՝ պետության, հասարակության և անձի անվտանգությանը վնաս հասցնող կեղծ տեղեկատվություն հրապարակող և տարածող օգտատերերին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը