Երևանը հուսով է, որ Ռուսաստանն իր ազդեցությունն ու հնարավորությունները կօգտագործի հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը նվազեցնելու համար: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում:
Նա հիշեցրել է, որ Հայաստանը դեռևս 1993 թվականից համաձայնել է, որ Ռուսաստանը միջնորդական դերակատարություն ունենա տարածաշրջանում հակամարտության կարգավորման գործում:
«Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է, գլխավորում է միջնորդական առաքելությունը, Ռուսաստանը խաղացել և խաղում է կարևոր միջնորդական դեր: Մոսկվայի ջանքերով 1994 թվականին դադարեցվեց արյունալի պատերազմը, Ռուսաստանի ջանքերով դադարեցվեց 2016 թվականի քառօրյա պատերազմը: Այդ իսկ պատճառով մենք լիահույս ենք, որ Ռուսաստանը կօգտագործի իր ազդեցությունը, հնարավորությունները (ներկայիս լարվածությունը նվազեցնելու համար)»,-ասել է դեսպանը:
Նա նշել է նաև, որ Ռուսաստանի նախաձեռնությամբ «ինտենսիվ բանակցություններ են ընթանում, արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել»:
«Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը ներդնում է հնարավոր բոլոր ջանքերը տարածաշրջանում մեծ ապակայունացում թույլ չտալու համար: Ինչը չի կարելի ասել Թուրքիայի մասին. փաստացիորեն մենք այժմ հայտնվել ենք աշխարհաքաղաքական նոր իրողության մեջ, երբ տարածաշրջանային երկրներից մեկը միջամտում է հակամարտությանն ու փորձում է ապակայունացում հրահրել»,- հայտարարել է Տողանյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը