Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնն անդրադարձել է հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման արտադրանքի արտադրության ծավալների փոփոխությանը 2019-2020թթ. հունվար-մայիսին:
Հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման արտադրանքի արտադրության ծավալը 2020թ.-ի հունվար-մայիսին 2019թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է շուրջ 147.7 մլրդ ՀՀ դրամ՝ արձանագրելով 25.7% աճ, ինչը պայմանավորված է բացառապես մետաղական հանքաքարի արդյունահանման 26.5% աճով, որի տեսակարար կշիռը հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման կառուցվածքում կազմել է 97.3%:
Հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման այսպիսի կատարողականը բացատրվում է «Հանքաքարեր, խարամ և մոխիր» ապրանքային խմբի արտահանման ծավալների 18.6% աճով՝ կազմելով շուրջ 271.3 մլն ԱՄՆ դոլար: Սա իր հերթին պայմանավորված է այս ապրանքային խմբի հիմնական ապրանքատեսակների՝ թանկարժեք մետաղի, մոլիբդենի և պղինձի հանքաքարի խտանյութերի արտահանման ծավալների աճով (տե՛ս գծապատկեր 1):
Գծապատկեր 1. «Հանքաքարեր, խարամ և մոխիր» ապրանքային խմբի հիմնական արտահանվող ապրանքատեսակների արտահանման ծավալները 2019-20120թթ. հունվար-մայիսին (մլն ԱՄՆ դոլար)
Հետաքրքրական է նկատել, որ 2 հիմնական արտահանվող ապրանքատեսակների՝ պղնձի և մոլիբդենի դեպքում դիտարկվող ժամանակահատվածում արձանագրվել է արտադրանքի ֆիզիկական ծավալի (տոննայով արտահայտված) համապատասխանաբար՝ 24.1% և 1.7 անգամ աճ, ինչն էլ հիմնականում ուղղվել է դեպի արտահանում:
Այսպիսով՝ դիտարկվող ժամանակահատվածում համադրելով հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման արտադրանքի ծավալի փոփոխության, ֆիզիկական ծավալի և արտահանման ծավալների հետ հնարավոր է եզրահանգել, որ դոլարային արտահայտությամբ արտահանման ծավալների աճը պայմանավորված է ֆիզիկական ծավալների աճով, ինչը նշանակում է, որ համաշխարհային շուկայում գների տատանումներից վնասները նվազագույնի հասցնելու նպատակով ավելի շատ են արտահանել (տոննայով): Իսկ տարեկան աճի տեմպը կախված է լինելու համաշխարհային տնտեսության վերականգնման տեմպից:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը