ՀԱՊԿ-ում որոշումների կայացման համար կոնսենսուսի հասնելն այնքան էլ հեշտ գործընթաց չէ, որովհետեւ տարբեր երկրներ տարբեր հարաբերություններ ունեն նաեւ Ադրբեջանի հետ: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով նրան, որ ՀԱՊԿ-ն նախօրեին արտահերթ նիստ հրավիրեց, սակայն որոշ ժամանակ անց պարզվեց, որ այն հետաձգվել է:
«Գտնում եմ, որ ՀԱՊԿ-ը պետք է իր մեջ ուժ գտնի եւ դատապարտի Ադրբեջանին, որը սադրանք է կազմակերպել: Մենք միջազգային հանրությանը, ոչ միայն ՀԱՊԿ-ին, այլեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի հմանախագահներին վերջին ժամանակահատվածում հայ-ադրբեջանական հարաբերությունների, Արցախի հարցի լուծման մեջ մշտապես անդրադարձել ենք վստահության մեխանիզմներ եւ վերահսկողության հնարավորություններ տրամադրելուն: Եթե նրանք չլսեն Ադրբեջանին, որը մշտապես դեմ է եղել այդ վստահության ու վերահսկման մեխանիզմների ներդրմանը, պարզ կլինի, թե որ կողմն է խախտողը: Միանշանակ հասկանալի կլինի, որ սադրանքը կազմակերպվել է Ադրբեջանի կողմից:
ՀԱՊԿ-ը պարտավոր է միակողմանի քննադատել Ադրբեջանին: Մենք այսօր ՀԱՊԿ-ից որեւէ ռազմական աջակցություն ցանկանալու, խնդրելու իրադրություն չունենք, դրա կարիքը չունենք: ՀԱՊԿ-ից ռազմական օգնություն խնդրելու համար ընթացակարգեր գոյություն ունեն, պետության ղեկավարությունը ԱԽ նիստ, կառավարության նիստ անցկացնելուց հետո կարող է դիմել, բայց այն իրավիճակը չէ, որ դիմենք: ՀԱՊԿ-ին մենք կարող ենք դիմել, եթե ավելի մասշտաբային, ավելի տարածաշրջանային ընդհարում լինի: ՀՀ զինված ուժերը որեւէ խնդիր չունեն Ադրբեջանի զինուժի դեմ պայքարելու, հաղթելու հարցում, ինչպես դա արել են: Ադրբեջանցիները հոգեբնորեն նույնն են, եւ մեր զինված ուժերն իրենց առջեւ դրված խնդիրն իրականացնում են: Առավել եւս սա դեղային խնդիր է: Բանակային կորպուսի հրամանատարը եւ զորամասերի հրամատարությունը ինքնուրույն են այդ խնդիրները լուծում»,-հայտարարեց նախկին նախարարը:
Ինչ վերաբերում է լուրերին, որ հայկական կողմը բարձունք է գրավել, Սեյրան Օհանյանն ասաց, որ պաշտոնական որեւէ տեղեկատվություն չունի, «սակայն ՀՀ զինված ուժերը միշտ էլ կանխարգելիչ միջոցառումներ իրականացնում են՝ պարտադրելու հակառակորդին դադարեցնելու մարտական գործողությունները»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը