ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր տեսազանգի միջոցով քննարկում է ունեցել «Support Armenia Fund» նախաձեռնող խմբի հետ։ Նախարարությունը կապ է հաստատել ֆոնդի հետ՝ պատրաստակամություն հայտնելու օժանդակել նրանց կազմակեպված դրամահավաքի արդյունքում փոքր ու միջին ձեռներեցության թիրախային աջակցությանը։
Նախարար Տիգրան Խաչատրյանը ողջունել է խմբին նախաձեռնությունը և հավաստիացրել, որ իր թիմը պատրաստակամ է աջակցելու ֆոնդին աշխատանքն արդյունավետ կազմակերպելու գործում։ Նախարարը ներկայացրել է կառավարության հակաճգնաժամային ծրագրերի քաղաքականությունը, նշել այն չափորոշիչները, որոնցով ընտրվել են առաջինն օգնություն ստացած թիրախային բիզնես խմբերը, ինչպես նաև աջակցության գործիքակազմը։ Նախարարը նշել է, որ հենց ՓՄՁ-ներին ուղղված հակաճգնաժամային երրորդ միջոցառման շրջանակում օժանդակություն է ստացել շուրջ 900 տնտեսավարող։ Նախարարը թվարկել է այն ոլորտները, որոնք ամենաշատն են տուժել համավարակի բռնկման և կանխարգելիչ միջոցառումների պատճառով։ Նախարար Խաչատրյանի խոսքով՝ ճիշտ որոշումների կայացման համար մեծ կարևորություն ունի պատշաճ տեղեկավածությունը, և նախարարությունը կկիսվի իր տրամադրության տակ գտնվող անհրաժեշտ տեղեկատվությամբ՝ ուղղորդելու աջակցության արդյունավետ բաշխման, ֆոկուս խմբերին ընտրելու և այլ հարցերում։ Տիգրան Խաչատրյանը նշել է, որ հետագա համագործակցությունը կհամակարգի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը և կտրամադրի անհրաժեշտ խորհրդատվություն։
Նախաձեռնության անդամ Օլիվիա Ժամկոչյանը շնորհակալություն է հայտնել Տիգրան Խաչատրյանին աջակցության պատրաստակամության համար և ներկայացրել ֆոնդի գործունեությունն ու առաջիկա պլանները։ Նա նշել է, որ մտադիր են առաջնահերթ աջակցել փոքր ընտանեկան բիզնեսին հատկապես զբոսաշրջության ոլորտում։ Նա կարևորել է ուժերի մոբիլիզացումը աջակցության մեծ ծավալների հասնելու գործում։
Հանդիպման մասնակիցները ուրախություն են հայտնել նաև այն փաստի առնչությամբ, որ հանգանակության վերաբերյալ իրազեկվածության բարձրացման արշավին է միացել նաև Քիմ Քարդաշյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը