Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալուց հետո կառավարության նիստերը դարձան դռնբաց, իսկ ամիսներ անց էլ նոյեմբերին «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ տեղի ունեցան:
Այս փոփոխությունը իշխնաությունը ներկայացնում էր որպես հերթական ապացույց իր թափանցիկ գործելակերպի, կառավարության նիստերի օն լայն հեռարձակումը ողջունեցին նաև ԶԼՄ-երը: Իսկ Նիկոլ Փաշինյանն իր վարչապետության մեկ տարին լրանալու օրը ներկայացրեց 100 փաստ «Նոր Հայաստանի» մասին: 79-րդ փաստը հետևյալն էր.
«Կառավարության նիստերը դռնբաց են և հրապարակային՝ ի հեճուկս հեղափոխությունից առաջ ընդունված օրենքի, որով նախատեսվում էր, որ կառավարության նիստերը պետք է լինեն դռնփակ»:
Այլ կերպ ասած դռնբաց անցկացումը նախկին իշխանությունը որակում էր որպես հակաժողովրդական, այս իշխանությունը՝ հակառակը ժողովրդավարական: Դռնբաց տարբերակը նախկիններին կաշկանդում էր քննարկումներ ծավալել, իսկ ներկաներին՝ օգնում:
Կառավարության նիստերը մինչև հիմա էլ անցնում են դռնբաց, սակայն ամեն անգամ մենք տեսնում ենք, որ ներկայացված տասնյակ նախագծերից մեծ մասը քննարկվում են գաղտնի ընթացակարգով, կամ էլ լինում են չզեկուցվող: Օրինակ վերջին նիստի օրակարգում էր 26 հարց, որից զեկուցվող էր ընդամենը 2-ը։
Արդյունքում բաց ֆորմատով քննարկվում են միայն մի քանի հարցեր: Իշխանությունն ինչ խոսք, չի կաշկանդվում բաց ռեժիմից, ծավալվում են քննարկումներ, երբեմն մի հարցի շուրջ մեծ մասը կարծիքներ է հայտնում, բայց թե որքան են դրանք արդյունավետ, դժվար է ասել:
Օրինակ մի ամբողջ կես ժամ կառավարությունը վարչապետի գլխավորությամբ քննարկում է, թե ինչպես բռնի կեսգիշերին հրավառություն անողին, խորհուրդներ է տալիս դիմակը ճիշտ կրելու մասին, արդեն ընդունված որոշումն է քննարկում: Իսկ որպես կանոն, իրեն ամենից ամենա թափանցիկ գործող հռչակած կառավարությունը գաղտնի ընթակարգերով ընդունել է վիճահարույց նախագծեր, վարկերի, դրամաշնորների մասին որոշումներ, ինչպես նաև բյուջեից հատկացումներ արել: Չմոռանանք նաև, որ գաղտնի ընթակարգով եղավ նաև նախարարների աշխատավարձերի բարձրացումը՝ կես միլիոնից դառնալով մեկ միլիոն դրամ:
Այս դեպքում հարց է առաջանում, ինչ՞ի համար է դռնբաց նիստը, եթե բոլոր խնդրահարույց նախագծերն ընդունվուն են գաղտնի ձևաչափով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը