7or.am-ը գրում է․
«Էդմոն Մարուքյանը չափալախ ուտելուց հետո ահագին «շողուլի» եկավ։ Նա օգնեց Նիկոլ Փաշինյանին իշխանության յուրացում և սահմանադրական կարգի տապալում կազմակերպել։ Մարուքյանը չմիացավ ԲՀԿ–ին ու հակասահմանադրական օրենքի վիճարկման հարցով չդիմեց Սահմանադրական դատարան։
Իր հաճախորդական ծառայությունների դիմաց Էդմոնը Նիկոլից պահանջեց պատգամավորական լրացուցիչ մանդատ՝ «Լուսավոր Հայաստան» անունը կրող խմբակցությունը լքած Նիկոլի մեկ այլ հաճախորդ Արման Բաբաջանյանի «գլուխը»։
«Լուսավոր» հաճախորդը դիմել էր ԿԸՀ՝ Արմանի փոխարեն խորհրդարան մեկ այլ մարդու բերելու պահանջով։ Նիկոլի Տիգրան Մուկուչյանը, սակայն, մերժեց Էդմոնին, քանզի Արման Բաբաջանյանը ոչ պակաս կարևոր հաճախորդ է Փաշինյանի համար, քան Մարուքյանը։ Վերջինս պարբերաբար տրտնջում է ու երբեմն իրոք ընդդիմադիր դառնում և միայն դաստիարակչական ապտակն է հետ բերում «լուսավոր» այդ հաճախորդին։ Իսկ ահա Բաբաջանյանը կայուն ծառայում է ու կատարում իշխանությունների բոլոր քստմնելի առաջադրանքները։ Ինչպե՞ս կարող էր Նիկոլը նրան հանձնել, ինչ է թե Մարուքյանն իր խմբակցությունով օգնեց զավթել Սահմանադրական դատարանը։
Մարուքյանն ու Բաբաջանյանը հիմա կոնկուրենտ ֆիրմաներ են հաճախորդաց հարեմում, բայց կար ժամանակ, երբ երկուսն էլ համերաշխորեն ծառայում էին նախորդ իշխանություններին։ Էդմոնը հայտնի հերոս Պանիկովսկու կարգավիճակ ուներ հեղափոխությունից առաջ։ Զբաղված էր ընդդիմադիր դաշտից քվե փախցնելով։ Նույն հաճախորդական կարգավիճակն ուներ նաև Արմանը։
Երկուսով կռիվ տվին Նիկոլի վարչապետ դառնալու դեմ, բայց հենց նա դարձավ վարչապետ, անմիջապես գունափոխվեցին, քցեցին իրենց նախկին տերերին, դարձան թունդ հեղափոխականներ ու շարունակեցին իրենց հաճախորդական առաքելությունն արդեն Փաշինյանի համար։ Ասել է թե՝ հեղափոխությունը չփոխեց սրանց հաճախորդական էությունը։ Այլ հարց է, որ եթե նախկինում սրանք դեռ կարողանում էին պահել իրենց «ընդդիմադիր» կամ «անկախ» դեմքը, ապա հիմա պարզապես վերածվեցին քաղաքական դիակի։
Եթե Արման Բաբաջանյանի համար քաղաքական դիակ դառնալը խնդիր չէ, քանզի իր բուն ֆունկցիան թուրքական 5–րդ շարասյան գիծն առաջ տանելն է, ապա միամիտ լոռեցու դերի մեջ մտած ու վանքի հավերն ուտող Էդմոնի համար քաղաքական դիակ դառնալը քաղաքական կոմերցիայի համար տխուր հեռանկար է բացում»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը