29 06 2020

ԱԻՆ-ում գրանցվել է վարակի 54 դեպք, եղել է 51 մեկուսացված և 292 ինքնամեկուսացված

ԱԻՆ-ում գրանցվել է վարակի 54 դեպք, եղել է 51 մեկուսացված և 292 ինքնամեկուսացված

Հունիսի 29-ին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը հեռավար խորհրդակցություն անցկացրեց փրկարար ծառայության ղեկավար կազմի, կառուցվածքային եւ տարածքային ստորաբաժանումների ղեկավարների հետ: Կարեւորելով կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված համալիր միջոցառումները՝ նախարարը հանձնարարեց խստագույնս պահպանել պարետատան ցուցումները:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ին, բժշկական ապահովման վարչության պետ Կարեն Աթոյանի զեկույցի համաձայն՝ համավարակի առաջին իսկ օրվանից կանխարգելիչ աշխատանքների եւ կանոնների պահպանման արդյունքում համակարգում հիվանդների թիվը հնարավորինս պահպանվել է ցածր մակարդակում՝ ունենք 8 հիվանդ:

Համավարակի ընթացքում ունեցել ենք 54 հիվանդ, 51 մեկուսացված եւ 292 ինքնամեկուսացված:

Նախարարի դիտարկմամբ՝ նկատելի են հրդեհավտանգ իրավիճակի առաջացող միտումներ: Անդառնալի հետեւանքներից խուսափելու համար նախարարը հանձնարարեց ցուցաբերել կշռադատված մոտեցում, չընկնել ցայտնոտի մեջ, գրագետ ինքնատիրապետումով վարել հրդեհաշիջման աշխատանքը: Այս առումով չափազանց կարեւոր է համագործակցությունն օժանդակող այլ պատկան մարմինների հետ: Հաշվի առնելով մեր քաղաքացիների պատրաստակամությունը՝ Ֆելիքս Ցոլակյանը հրահանգեց ստեղծել կամավորականների խմբեր եւ կառավարությանն առաջարկ ներկայացնել նրանց սոցիալական երաշխիքներ տրամադրելու համար:

Նախարար Ցոլակյանի բնորոշմամբ՝ մենք սխալվելու իրավունք չունենք, որովհետեւ դա կարող է կյանքեր արժենալ: Հանձնարարվեց լինել զգոն, զգույշ, ամենօրյա ռեժիմով ինքնակրթվել, գործն անել նվիրումով եւ ամենակարեւորը՝ չհիվանդանալ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ