Հունիսի 26-ին, ժամը 20:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մարզահամերգային համալիրի տարածքում այրվում է խոտածածկ տարածք։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից տասնչորս մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի վեց փրկարարական ջոկատ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը, Բժշկական ապահովման վարչության հերթապահ բժիշկը։
Նշենք, որ Ծիծեռնակաբերդի տարածքում միշտ հրշեջ ավտոմեքենա է հերթապահում: Նշված խումբը սկսել է հրդեհի մարման աշխատանքները՝ մինչ մյուս մարտական հաշվարկների մոտենալը: Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են ընդհանուր թվով մոտ 120 փրկարար ծառայող:
Ուժեղ քամու պատճառով առաջացել են հրդեհի մի քանի օջախներ. հրշեջները աշխատել են միաժամանակ տարբեր օջախների մարման ուղղությամբ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:32-ին, մարվել՝ ժամը 23:56-ին: Այրվել է մոտ 21 հա բուսածածկ տարածք։ Հրշեջները կանխել են հրդեհի տարածումը բնակելի տարածքներ։
Մոտակայքում գտնվող շենք-շինություններին, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտին վնաս չի պատճառվել:
Դեպքի վայրում են գտնվել ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը և Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանը։
Անվտանգությունից ելնելով՝ ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի մեկ փրկարարական ջոկատ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը տեղում իրականացնում են հերթապահություն։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը