24 06 2020

Ինչպե՞ս է տեղի ունեցել Տիչինայի փողոցի ծեծկռտուքը

Ինչպե՞ս է տեղի ունեցել Տիչինայի փողոցի ծեծկռտուքը

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Տիչինայի փողոցում տեղի ունեցած  ծեծկռտուքի մասնակիցներ՝ Գոռ Բաղդասարյանն ու Վահե Նազարյանը, ովքեր ձերբակալվել էին խուլիգանություն կատարելու կասկածանքով, ազատ են արձակվել: Այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց նրանց փաստաբան Սասուն Ռաֆայելյանը:

«Նկատի ունենալով այն հանգամանքը, որ ի սկզբանե իմ վստահորդների ձերբակալումը եղել է ոչ իրավաչափ, ձերբակալման արձանագրությունները բողոքարկել ենք դատական կարգով, երկուսն էլ դատարանի դահլիճից ազատ են արձակվել, քանզի դատարանը գտել է, որ վերջիններիս ձերբակալումը եղել է ոչ իրավաչափ»,- նշեց փաստաբանը:

Դեպքերը սկսել են զարգանալ այն բանից հետո, երբ Գոռ Բաղդասարյանն ու Վահե Նազարյանը Աշտարակից Երևան վերադառնալիս ուշ են ճանապարհ տվել Հայկ Ստեփանյանին, ինչի պատճառով էլ վերջինս զայրացել է և փորձել նախատել իրեն ճանապարհ չտալու համար: Փաստաբան Սասուն Ռաֆայելյանը դեպքի մանրամասների մասին պատմելիս նշեց.

 «Ղեկին գտնվել է Գոռ Բաղդասարյանը, ով նկատել է, որ իր հետևից ընթացքող ավտոմեքենան ազդանշաններով և լուսարձակներով ցույց  տալիս, որ պետք է ճանապարհը զիջի, բայց քանի որ այդ պահին, Գոռ Բաղդասարյանի դիմացից ընթանալիս է եղել բեռնատար ավտոմեքենա՝ կցորդիչով, ուստի վազանց կատարելու և աջ երթևեկելի գոտում տեղավորվելու համար Գոռ Բաղդասարյանից պահանջվել է 10 վայրկյան: Այդ ընթացքում հետևից եկող Հայկ Ստեփանյանը, ով սույն գործով հանդիսանում է հանցագործության մասին հաղորդող տված անձ, հավասարվել է Գոռ Բաղդասարյանին, բացել է աջ կողմի պատուհանը և ձեռքը ուղղելով վստահորդիս ուղղությամբ, նախատել է, թե ինչու է այդքան ձգձում: Հետո արդեն Հայկ Ստեփանյանը պահանջել է կանգնեցնել մեքենան, և երբ մեքենաները կանգնեցրել են, Հայկ Ստեփանյանի մեքենայի հետևից կանգնել են ևս 4-5 մեքենաներ և սկսել են պարզաբանումներ պահանջել, թե արդյոք Հայկ Ստեփանյանին չեն ճանաչում: Բացասական պատասխանից հետո, նա հեղափոխության պահապանների նախագծի անդամ է ներկայացել, ասել է, որ ինքը հանդիսանում է վարչապետի հովանավորյալը և եթե իր մեքենան տեսնում են, պետք է մի կողմ քաշվեն: Վիճաբանություն է առաջացել, որի ընթացքում թիկունքից իմ պաշտպանյալներին հարվածել են ու գցել գետնին: Ծեծկռտուքի արդյունքում Գոռ Բաղդասարյանի ձեռքն է կոտրվել՝ սրունքի և դաստակի միջնամասում, իսկ Վահե Նազարյանի ամբողջ մարմինը պատվել է կապտուկներով»,- նշեց փաստաբանը և հավելեց, որ այդտեղ իր վստահորդներին դադարել են ծեծել միայն այն բանից հետո, երբ Հայկ Ստեփանյանի մեքենայից մի կին է իջել ու սկսել բղավել ու միջամտել:

Ամեն ինչ սակայն այսքանով չի ավարտվել, պարզաբանումների համար Հայկ Ստեփանյանը հեռախոսահամար է տվել Գոռ Բաղդասարյանին, որ եթե վերջինս ցանկանում է իմանալ, թե ինչու է ծեծվել, թող զանգի.

«Տուն հասնելուց ու վիրակապվելուց հետո Գոռ Բաղդասարյանը զնագել է և երբ կրկին հանդիպել են Հայկ Ստեփանյանին, վերջինս եկել է և մեքենայից անմիջապես իջնելուց հետո սկսել է հայհոյանքներ հնչեցնել վստահրդներիս հասցեին, որի արդյուքնում վստահորդներս Հայկ Ստեփանյանին ծեծի են ենթարկել, ու մենք առհսարակ չենք էլ հերքում այն հանգամանքը»:

Փաստաբանի խոսքով՝ չեն բացառում, որ կարող է նորից երկրորդ անգամ հանդիպումը միտումնավոր է կազմակերպվել Հայկ Ստեփանյանի կողմից և նշեց մի հետաքրքիր հանգամանքի մասին.

«Հայկ Ստեփանյանը փորձում է այս ամեն ինչին տալ քաղաքական երանգ, հայտնելով թե իբր իմ վստահորդներն իրեն ծեծի ենթարկելու ժամանակ վարչապետի հասցեին հայհոյանքներ են հնչեցրել: Հիմա նկատի ունենալով այն հանգամանքը, որ դատարանը երկու վստահորդներիս ձերբակալումն էլ ճանաչել է ոչ իրավաչափ, երեկ վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը, սակայն եռօրյա ժամկետում վարույթն իրականացնող մարմինը եթե հիմքեր գտավ, պետք  է մեղադրաքն առաջադրի և այդ ժամանակ կլուծվի խափանման միջոցի հարցը: Այսօր երեկոյան ըստ էության կհրավիրվենք նախաքննական մարմին և մեղադրանքը կառաջադրեն»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ