15 06 2020

Արցախում առողջապահության ոլորտին 2019 թվականին պետբյուջեից հատկացվել է 6 մլրդ 923մլն դրամ

Արցախում առողջապահության ոլորտին 2019 թվականին պետբյուջեից հատկացվել է 6 մլրդ 923մլն դրամ

Հունիսի 15-ին Արամ Գրիգորյանի և Արթուր Հարությունյանի նախագահությամբ տեղի է ունեցել ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը: Այս մասին տեղեկանում ենք ԱՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից։ Քննարկվել են 2019թ-ի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվութունները:

Աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Սամվել Ավանեսյանը, ներկայացնելով նախորդ տարվա հաշվետվությունը, նշել է, որ սոցիալական պաշտպանության ոլորտին հատկացվել է 23մլրդ 641մլն դրամ, ճշտված բյուջեն՝ 22 մլրդ 747մլն 400հազ դրամ: Փաստացի կատարողականը կազմել է 21մլրդ 950մլն 900հազ դրամ կամ ճշտված բյուջեի 97%-ը:

Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Խաչատրյանի ներկայացմամբ՝ առողջապահության ոլորտին հաշվետու տարում պետական բյուջեից հատկացվել է 6մլրդ 923մլն դրամ, ճշտված՝ 6 մլրդ 783մլն դրամ: Նախարարի փոխանցմամբ՝ մատուցվել է 6մլրդ 888մլն դրամի ծառայություն, որի համար առողջապահության նախարարության ֆինանսավորումը կազմել է 6մլրդ 722մլն դրամ, կամ 99,1%:

Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Մանուշ Մինասյանի հաշվետվության համաձայն՝ տարվա ընթացքում ընթացիկ աշխատանքներից բացի, ծառայությունը կյանքի է կոչել ևս երկու ծրագիր: Հաշվետու տարում ծառայության գործունեության գումարը կազմել է 212մլն 285հազ դրամ, փաստացի ծախսվել է 211մլն 507հազ դրամ, կատարողականը՝ 99,6%:

Պատգամավորները զեկուցողներին են առաջադրել սոցիալական ծրագրերի առանձնահատկություններին, բժիշկների վարձատրմանը վերաբերող հարցեր:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ