Ոստիկանությունը Մինեապոլիսում սկսել է ցրել ոստիկանի կողմից սպանված Ջորջ Ֆլոյդի մահվան պատճառով բողոքի ցույցը։ Ոստիկանությունը նպատակամղված կերպով արցունքաբեր գազ է կիրառել լրագրողների դեմ: Հանկարծակի փողոցում հայտնվել է ոստիկանական միկրոավտոբուս, որից ռետինե փամփուշտներով կրակ է բացվել լրագրողների ուղղությամբ: Իսկ Լոս Անջելեսի ոստիկանությունը մահակներ և ռեզինե փամփուշտներ է կիրառել ցուցարարներին ցրելու համար։
Ավելի վաղ իշխանությունները հայտարարել էին, որ արդեն նախկին ոստիկան Դերեք Շովինը ձերբակալված է։ Նրան երրորդ աստիճանի սպանության մեղադրանք է առաջադրվել (չկանխամտածված սպանություն՝ ուժի կիրառմամբ) և մինչև 25 տարվա ազատազրկում է սպառնում։ Հիշեցնենք, որ նա ոտքով խեղդել էր սևամորթ քաղաքացուն։ Սպանությունն ԱՄՆ տարբեր քաղաքներում զանգվածային բողոքի պատճառ է դարձել։ Ցույցերի նշանաբանը Ֆլոյդի վերջին խոսքերն են՝ «Չեմ կարողանում շնչել»։
Ցույցի մասնակիցներին և առիթից օգտվող ավազակներին չի հաջողվում կանգնեցնել։ Լոս Անջելեսում մինչ ոմանք բողոքում են, մյուսները կոտրում են ոսկերչական խանութների ցուցափեղկերը և թալանում դրանք։ Օկլենդում էլ կրակոցից սպանվել է ԱՄՆ-ի պաշպանության դաշնային ծառայության աշխատակիցը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը