28 05 2020

Բացթողումները շտկելու փոխարեն կոմպրոմատ են հավաքու, վարկաբեկում․ «Հետք»

Բացթողումները շտկելու փոխարեն կոմպրոմատ են հավաքու, վարկաբեկում․ «Հետք»

«Հետք»–ը գրում է․ «Հետք»–ը մայիսի 27-ին հրապարակել էր քաղաքաշինության կոմիտեի խորհրդական, Գերագույն խորհրդի և Ազգային Ժողովի նախկին պատգամավոր Արամ Բաբաջանյանի հետ ունեցած հարցազրույցը։ Արամ Բաբաջանյանը մեզ պատմել էր, թե ինչպես է անցել իր բուժումը, ինչպես է ընդհատվել, ինչ խնդիրներ է ունեցել կորոնավիրուսով հիվանդանալիս եւ ինչ ինքնազգացողություն ունի այժմ։

Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանն այսօր անդրադարձել է հարցազրույցին։ Ըստ Նիկողոսյանի՝ Բաբաջանյանի բուժումը հարթ է ընթացել, դուրս գրվելիս ախտանշաններ չի ունեցել։ Բացի դա, ըստ ԱՆ խոսնակի, Բաբաջանյանը պահանջել է, որ իրեն այցելի թոքաբանության պրոֆեսոր և իրեն ու կնոջն անհատական մոտեցում ցուցաբերեն։

Ներկայացնում ենք Արամ Բաբաջանյանի պարզաբանումը։

–Պարոն Բաբաջանյան, եթե ծանոթ եք առողջապահության նախարարի մամուլի խոսնակի հայտարարությանը, ապա խնդրում եմ պարզաբանել հայտարարության մեջ տեղ գտած պնդումները։

–Ծանոթացա նոր, կարդացի և, ցավոք սրտի, ևս մեկ անգամ համոզվեցի, որ նախարարը, պարոն Թորոսյանը չի տիրապետում իր ղեկավարած համակարգում տիրող իրավիճակին։ Ես այսպես եմ պատկերացնում, որ ամբողջ ուսումնասիրությունը սահմանափակվում է իր աշխատասենյակից տվյալ հիվանդանոցի ղեկավարի հետ ունեցած հեռախոսազրույցով։ Խնդիրն ամբողջությամբ ընկալելու համար լավ կլիներ դժգոհող կողմին էլ լսեին և փորձեին հասկանալ՝ արդյոք արդարացի են նրա դժգոհությունները։

Համառոտ անդրադառնամ իրենց գրածին։ Ասում են, որ երբ ընդունվել ենք հիվանդանոց, ախտորոշվել է երկկողմանի ինֆիլտրատիվ թոքաբորբ, նշանակվել է համապատասխան բուժում։ Համապատասխան բուժման համար անհրաժեշտ են բուժման ամբողջ ընթացքի, դեղորայքի, բարձր դոզաների, ռենտգենի, արյան անալիզների պատասխանները։ Այդ ամեն ինչը սահմանված կարգով մանրամասն պետք է նշված լիներ էպիկրիզի մեջ, որը պետք է տրվեր պացիենտին դուրսգրվելուց և որի հիման վրա պոլիկլինիկայի բուժանձնակազմը շարունակեր բուժումը։ Թոքաբորբը երկար ժամանակում է բուժվում, իսկ ոչ լիարժեք բուժումը խրոնիկ բարդ խնդիրներ է առաջացնում։

Մինչև այսօր էպիկրիզի վերաբերյալ ես տեղեկություն չեմ ստացել, և իրենք էլ իրենց պատասխանում դա չեն գրում։ Թող հիմնավոր գրեն, որ սա է եղել և այլն։

Բուժման ընթացքն, ասում է, ընթացել է լավ, այսպիսի բան են գրում։ Երկրորդ անգամ երբ ռենտգեն հետազոտություն են կատարել, հետազոտությունը ցույց է տվել, որ ոչ մի դրական դինամիկա չկա, նույն երկկողմանի ինֆիլտրատիվ թոքաբորբն է։ Ավելին, արյան բիոքիմիական անալիզները վատացել են, լյարդի բիլիռուբինն ու մյուս ցուցանիշները վատացել են, նորմայից բարձրացել են։ Այսինքն, մեկ շաբաթ անց ավելի վատ պատկեր է եղել թե՛ թոքաբորբի առումով, թե՛ մյուս խնդիրների, որոնք առաջացել են։ Դրանից երեք օր հետո մեզ դուրս են գրել հիվանդանոցից։ Դուրս գրելուց ոչ մի հետազոտություն չեն անում՝ ո'չ արյան, ո'չ ռենտգեն, ո'չ թեստավորում։ Այդ ինչպե՞ս որոշեցին, որ առողջական վիճակն այդքան լավ է, որ դուրս են գրում և ուղարկում տուն։ Իմիջիայլոց, դուրս գրման օրվա մի մասը ջերմություն ունեի։

Ռուզաննա Գրիգորյանը՝ մեր թոքաբանը, որը միակ բժիշկն էր, որ մեզ հետ շփվում էր և բուժումներն էր նշանակում, այդ երիտասարդ աղջիկը, որի մասին հարցազրույցում ասել եմ, ասաց՝ անպայման պետք է շարունակեք բուժումները, քանի որ ձեզ մոտ լուրջ վիճակ է։ 3-4 օրվա սիստեմաներ և 5-6 դեղ նշանակեց, որ պետք է ընդունեինք տանը։ Բայց տանն ո՞վ պետք է աներ, հայտնի չի։ Մեզ ասացին՝ պոլիկլինիկայից կգան, կանեն, պոլիկլինիկայից էլ ասացին, որ մենք ցուցում չունենք, տեղյակ չենք և այլն։ Արդեն 4–րդ օրն է, ինչ տանն ենք, սակայն պոլիկլինիկայից մինչ օրս մեզ բժիշկ չի այցելել, նշանակումներ չի արել, անալիզներ չի վերցրել, չեն թեստավորել։ Նախարարի խոսնակը, ի զարմանս ինձ, պոլիկլինիկաներին չի անդրադարձել։

Հաջորդ հարցս պարոն նախարարին, ոչ թե մամուլի խոսնակին, որովհետև անտեղյակ մարդն անտեղյակ բաներ է խոսում, չեմ ուզում իր հետ բանավեճի մեջ մտնել։ Գրել են, որ ես հատուկ պայմաններ եմ պահանջել, թոքաբան պրոֆեսոր եմ պահանջել կամ հատուկ պայմաններ իմ եւ կնոջս համար։ Ես խնդրում եմ, որ պարոն նախարարը գրի անուն–ազգանունն այն մարդու, ումից ես պահանջել եմ այդպիսի բան։ Ո՞ւմ եմ ես ասել, որ պրոֆեսոր բերեք, ես չեմ վստահում մեր թոքաբանին։ Անունով, ազգանունով ասեք (10 օրվա ընթացքում տաք ջուր չի եղել, և հիգիենայի հարցերը սառը ջրով ենք հոգացել)։

Պարոն նախարար, խնդրում եմ ներկայացրեք իմ էպիկրիզը, 10 օրվա ընթացքում ստացածս բուժումների մասին մանրամասն տեղեկություններ, հատ-հատ, բոլոր դեղերի անունները, չափաբաժինները, արյան անալիզի, խորխի և ռենտգենի պատասխանները։ Կներկայացնեն, դրանից հետո կխոսենք։

Ես և կինս 4 օր է՝ տանն ենք, չունենք պատասխան՝ վարակակիր ենք, թե՞ չէ, թոքաբորբ ունենք, թե՞ չէ, կարո՞ղ եմ տանից դուրս գալ և գնալ անալիզներ հանձնելու, թե՞ չէ։ Անորոշության մեջ, մեր տանը, ոնց որ մեր ջրի մեջ տապակվում ենք։ Երկկողմանի ինֆիլտրատիվ թոքաբորբը լուրջ հիվանդություն է, և դա 10 օրում չի բուժվում։ Այդ հիվանդության համար պետք է բժիշկ լինի, որը կգա, կլսի թոքերը, բուժում կնշանակի, ընթացքը հսկողության տակ կպահի։ Եվ մինչև այսօր չունեմ խորխի հետազոտության պատասխանը, որ տեսնեմ՝ այդքան հակաբորբոքայիններ որ տվել են, համապատասխանու՞մ են այդ ինֆեկցիային, որը մեր թոքերի մեջ կա։ Եթե չէ, ուրեմն ես կդիմեմ դատախազություն, իրենց միջոցով կպահանջեմ, որ այդ փաստաթղթերն ինձ ներկայացնեն։

Նույնիսկ չեն էլ փորձում կապ հաստատել պացիենտի հետ։ Մի հատ զանգեք, խոսեք այդ մարդու հետ, այդ հիվանդի հետ։ Ա'յ տիկին, որ հայտարարություն ես անում, մի հատ զանգի հարցրու՝ ինչի՞ց եք բողոքում, մի հատ հասկացիր՝ այդ մարդն ուղղակի ուզում է բողոքի, թե՞ ուզում է թերությունները վեր հանի, որ դուք ձեր աշխատանքը շտկեք։ Ես այստեղ մի բան եմ տեսնում, որ չեն ուզում խորանալ խնդրի մեջ։ Ես չէի էլ ցանկանա այսպես շարունակվեր բանավեճը, իրենք ներքաշում են ինձ դրա մեջ։ Ես կարծում էի, որ կփորձեին հասկանալ դժգոհության պատճառները, մի հատ էլ ինձ հետ կխոսեին։ Եթե բացթողումներ կային, հասկանային՝ իրոք կա՞ն բացթողումներ, ու դրանք փորձեին շտկել։

Դրա փոխարեն ման են գալիս, փնտրում են՝ թե էս մարդն ով է, որ այսպիսի բան է ասել, մի հատ իր վրա կոմպրոմատ հավաքենք, իրեն վարկաբեկենք, որ իր ասածները լուրջ չընդունեն մարդիկ։ Ամենայն հարգանքով վերաբերվելով մեզ սպասարկած թոքաբանին և այն երիտասարդ քույրերին, որոնք անմիջական շփման մեջ էին հիվանդներիս հետ, ուզում եմ մեկ անգամ ևս նշել, որ առողջապահության ոլորտում, իմ կարծիքով, վարչական կառավարումը չի գտնվում օրվա պահանջների բարձրության վրա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ