Արդարադատության նախարարությունը շարունակում է էլեկտրոնային արդարադատության ներդրմանն ուղղված աշխատանքները՝ գործարկելով Վճարման կարգադրությունների էլեկտրոնային համակարգ, տեղեկացնում է ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Ներկայում, Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ, էլեկտրոնային եղանակով ներկայացված վճարման կարգադրությունները բաշխվում են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի բոլոր դատավորների միջև: Նախատեսվում է նաև նշված գործերի բաշխումն ընդլայնել Հայաստանի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների դատավորների միջև:
«Վճարման կարգադրություն» էլեկտրոնային համակարգի ներդրումն իրականացվել է Բարձրագույն դատական խորհրդի հետ համագործակցության արդյունքում և ԱՄՆ ՄԶԳ «Դատական գործերի փաստաթղթերի թվայնացում և էլեկտրոնային դատարանների համակարգերի ներդրում Հայաստանի Հանրապետությունում» դրամաշնորհային ծրագրի շրջանակում:
Արդարադատության նախարարությունը, դատական և իրավական բարեփոխումների շրջանակում, առաջիկայում նախատեսում է ներդնել նաև սնանկության, վարչական, քաղաքացիական և քրեական գործերով էլեկտրոնային համակարգեր:
Վճարման կարգադրության էլեկտրոնային համակարգից օգտվելու քայլերին կարող եք ծանոթանալ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը