21 05 2020

Ավտոմեքենայի համարանիշի թվերի փոխարեն կարող է գրվել նաև անուն

Ավտոմեքենայի համարանիշի թվերի փոխարեն կարող է գրվել նաև անուն

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով առաջարկվում է փոփոխություն կատարել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման» մասին օրենքում և ավտոմեքենաների պետհամարանիշի թվերի փոխարեն անուն գրելու հնարավորություն տալ։

Առաջարկվում է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 9-րդ հոդվածի «ժգ» կետը լրացնել հետևալ խմբագրությամբ`

«Մեծ պահանջարկ ունեցող համարանիշների ընտրության հարցում տրանսպորտային միջոցի սեփականատերը հնարավորություն ունի հաշվառման համարանիշներում թույլատրված տառերի կամ թույլատրված թվանշանների կամայական հաջորդականությամբ  առաջարկել նախընտելի տառի, կամ թվանշանի, կամ տառերի եւ թվանշանների թույլատրված համակցություն»:

Ըստ նախագծի հիմնավորման՝ շատ երկրներում ընդունված փորձառություն է, երբ տրանսպորտային միջոցի սեփականատերը կարող է ինքն ընտրել իր մեքենայի համարանիշը` կազմված որոշակի նիշերից: Հաշվի առնելով այն, որ ներկայումս առկա է որոշակի կարգ մեծ պահանջարկ վայելող համարանիշների ընտրության հարցում, սակայն չկա օրենսդրական այնպիսի կարգավորում, որը թույլ կտա տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներում թույլատրված նախընտրելի տառերի և/կամ թվանշանների համակցությամբ և հերթականությամբ ձևավորել հաշվառման համարանիշը, անհրաժեշտ են համարում այնպիսի օրենսդրական փոփոխության կատարումը, որը կտրամադրի նմանատիպ հնարավորություն: 

Ենթադրվում է, որ կամայական նիշների համակցությամբ համարանիշներն իրենց գնային մակարդակում կլինեն առավելագույն շեմի վրա, հետևաբար նման հնարավորության ընձեռումը կմեծացնի արտաբյուջետային միջոցների ներհոսքը և հնարավորություն կընձեռի տրանսպորտային միջոցների սեփականատերերին տրանսպորտային միջոցը շահագործելու իրենց համար նախընտելի նիշներից կազմված համարանիշներով:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ