Alternativ.am-ը գրում է․ «Alternativ.am-ի ընթերցողներից մեկը նամակով հայտնում է, որ բազմաթիվ ՀՀ քաղաքացիներ այժմ գտնվում են ՌԴ-ի և Վրաստանի հանրապետության սահմանի չեզոք գոտում: Քաղաքացիների այստեղ հայտնվելու պատճառը եղել է կորոնավիրուսային համավարակի հետևանքով ՌԴ-ում հայտարարված արտակարգ դրությունը, որի հետևանքով կորցրել են իրենց աշխատանքը և հայտնվել են սոցիալական ծանր դրության մեջ:
Փորձել են իրավիճակից դուրս գալու եղանակներ փնտրել և որոշել են սեփական մեքենաներով վերադառնալ Հայաստան: ՌԴ սահմանին խնդիրներ չեն առաջացել, քանի որ ՀՀ քաղաքացիները դուրս են եկել ՌԴ տարածքից, սակայն սահմանի վրացական հատվածում ՀՀ քաղաքացիներին արգելվել է մուտք գործել Վրաստանի հանրապետության տարածք՝ պատճառաբանելով, որ երկրում հայտարարված է արտակարգ դրություն:
Լարսում մնացած քաղաքացիները կապվել են Վրաստանում ՀՀ դեսպանության հետ, ներկայացրել են ստեղծված իրավիճակը, սակայն ներկայացուցչությունը խնդրի լուծման ոչ մի տարբերակ չի առաջարկել և թողել է նրանց բախտի քմահաճույքին: Սահմանի ռուսական կողմը ՀՀ քաղաքացիներին թույլ է տվել վերադառնալ ՌԴ: Այժմ նրանք գտնվում են անորոշ իրավիճակում: Քաղաքացիները ՌԴ վերադառնալ չեն ցանկանում, քանի որ չունեն աշխատանք, ապրել չեն կարող այնտեղ, հայրենիք վերադառնալ էլ չեն կարող, քանի որ պատկան մարմինները չեն արձագանքել իրենց խնդրանքներին: Նրանք գիշերում են իրենց մեքենաներում, մեկը մյուսին օգնելով հոգում են իրենց օրվա ապրուստը, իսկ պատկան մարմինները նրանց օժանդակելու անգամ փորձ չեն անում՝ թողնելով նրանց միայնակ օտար հողում սեփական խնդիրների հետ:
Փաստորեն, ստեղծվում է մի իրավիճակ, երբ Փաշինյանի նշած հպարտ քաղաքացիները, որոնց 2 տարի շարունակ բազմաթիվ առիթներով նա հայրենադարձության կոչեր է արել, հրավիրել հայրենիքում արարելու և հայրենիքը շենացնելու, այժմ հայտնվել են անօգնական վիճակում, սպասում են նրա օգնությանը, բայց ըստ էության, ոչինչ չեն ստանում: Փաշինյանը իր ապաշնորհ կառավարությամբ, անտաղանդ քաղաքականությամբ հայտնվել է ապիկար վիճակում»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը