Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության այսօրվա նիստին տեղեկացրել է, որ ընդունվել է հակաճգնաժամային 18-րդ միջոցառումը:
«Այն գործատուներին, ընկերություններին, որտեղ ճգնաժամի մեկնարկից ի վեր պահպանվել են աշխատատեղերը, և ընդհանուր առմամբ պահպանվել է աշխատավարձային ֆոնդը, Կառավարությունը կվճարի յուրաքանչյուր հինգերորդ աշխատողի աշխատավարձի չափով դրամաշնորհ: Ի տարբերություն հինգերորդ միջոցառման՝ 18-րդ միջոցառումը վերաբերում է մինչև 100 աշխատող ունեցող ընկերություններին: Սրանով մենք ուզում ենք գնահատանքի խոսքը ասել և աջակցությունը ցուցաբերել այն ընկերություններին, որոնք այս դժվար ժամանակահատվածում ջանքեր են գործադրել աշխատատեղերը պահպանելու և աշխատավարձային ֆոնդը պահպանելու համար»,- նշեց վարչապետը:
Վարչապետը հայտնեց, որ հակաճգնաժամային միջոցառումներով բաշխվել է ավելի քան 76 միլիարդ դրամ, և այդ ծրագրերով շահառու են շուրջ 26 հազար իրավաբանական և 1 միլիոն 100 հազարը գերազանցող ֆիզիկական անձինք:
Բանկային համակարգն էլ վարկային արձակուրդ է տվել մոտ 460 հազարը գերազանցող ֆիզիկական և 15.500 իրավաբանական անձանց:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը