09 05 2020

ՊՆ զինծառայողների մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել. shamshyan.com

ՊՆ զինծառայողների մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել. shamshyan.com

Երեկ՝ մայիսի 8-ին ժամը 19։30-ի սահմաններում ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ է ստացվել, որ Աչաջուր գյուղի «Քոքոբելյաններ» կոչվող ջերմոցի դիմաց վիճաբանություն, ծեծկռտուք է տեղի ունեցել,որի ժամանակ հնչել են կրակոցներ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի մեկնած ոստիկանները պարզել են, որ ՀՀ ՊՆ ծառայող Սայադ Նազարյանը, ում հետ եղել են նաև 3 ՀՀ ՊՆ ծառայողներ, Իջևանի բնակիչ՝ 43-ամյա Էդմոնդ Էդիլյանի հետ ծեծի են ենթարկել Աչաջուր գյուղի բնակիչներ՝ 49-ամյա Վաչիկ Քոքոբելյանին, 29-ամյա Սևադա Քոքոբելյանին և 19-ամյա Յուրի Քոքոբելյանին, ովքեր ստացել են մարմնական վնասվածքներ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ծեծկռտուքի ժամանակ հնչել են նաև կրակոցներ, որից հետո Քոքոբելյաններին ծեծի ենթարկողները դիմել են փախուստի։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության Իջևանի ռազմական ոստիկանության բաժնի ծառայողները։

Իջևանի ոստիկանությունն ու ռազմական ոստիկանությունը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ Ս. Նազարյանի, նրա հետ գտնվող մյուս զինվորականների ամբողջական տվյալները պարզելու, նրանց, ինչպես նաև հանցագործության գործիք ինքնաձիգը հայտնաբերելու ուղղությամբ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Վ. Քոքոբելյանը «ԷԿՈ ֆրուկտ» ՍՊԸ համասեփականատերն է, Ս. Քոքոբելյանը Ազգային ժողովի նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի որդին է, ով աշխատում է «Գրին Հաուս» ՍՊԸ-ի տնօրեն, իսկ Յու. Քոքոբելյանը սովորում է Երևանի պետական համալսարանում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ