Եթե Հայաստանում Սահմանադրության մեկ հոդվածի փոփոխության հանրաքվե անցկացվեր, ապա ընտրատեղամասերի հիմնական մասն ապահովված կլիներ տեսախցիկներով: Այս մասին մայիսի 4-ին պետաիրավական հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության քննարկման ժամանակ ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը` պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի հարցին, ով հետաքրքրվեց` արդյոք ճիշտ են այն լուրերը, ըստ որոնց Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ի վիճակի չէ տեսախցիկներ տրամադրել բոլոր ընտրատեղամասերին, որոնք նախատեսված են քվեարկության արդյունքների կեղծման ռիսկերի նվազեցման համար:
Ընդ որում, Մուկուչյանը խոստովանեց, որ անհնար կլիներ բոլոր ընտրատեղամասերն ապահովել այդպիսի տեսախցիկներով, քանի որ այդ ժամանակ լուրջ տեխնիկական խնդիրներ կառաջանային: ՀՀ ԿԸՀ-ի ղեկավարը նշեց, որ իրենց կհաջողվի համապատասխան միացում ապահովել միայն ընտրատեղամասերի 92-93 տոկոսի համար: Նա պարզաբանեց, որ տեխնիկական առումով չափազանց դժվար է ապահովել հեռավոր բնակավայրերի միացումը:
«Ստացվում է, որ այդ լուրերը ճշմարիտ են, և դուք ի վիճակի չեք բոլոր ընտրատեղամասերն ապահովել տեսախցիկներով»,- ի պատասխան հայտարարեց Պետրոսյանը: Մուկուչյանը խորհրդարանականին հիշեցրեց, որ Հայաստանում, քաղաքական կուսակցություններից բացի, նաև բազմաթիվ հասարակական կազմակերպություններ կան` նշելով, որ դրանք ի վիճակի են իրենց վստահված անձանց ուղարկել այդ հեռավոր ընտրատեղամասեր` քվեարկության գործընթացում օրինականություն ապահովելու համար:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը