27 04 2020

Նախագծի պահանջներից դուրս վերգետնյա հարկի շինարարական աշխատանքներ է իրականացվել. դատախազություն

Նախագծի պահանջներից դուրս վերգետնյա հարկի շինարարական աշխատանքներ է իրականացվել. դատախազություն

2020թ. մարտի 6-ին «hraparak.am» կայքում հրապարակվել էր «Մարությանին կալանավորելու հիմքե՞ր կան» վերտառությամբ հոդված, համաձայն որի քաղաքային իշխանությունների թողտվությամբ 1 տարի շարունակ «Հին Երևան»-ի կառուցապատումն իրականացվում է առանց համապատասխան թույլտվության:

Հոդվածում ՀՀ մեկ այլ համայնքի ղեկավարին առաջադրված մեղադրանքի, մեղսագրվող արարքի հետ համեմատությամբ դատողություններ են արվել քրեական հետապնդման գործառույթի ընտրանքային իրականացման վերաբերյալ:

ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվող ԶԼՄ-ների մշտադիտարկման արդյունքում հրապարակումն առանձնացվելուց հետո Երևան քաղաքի դատախազությունում պետական շահերի պաշտպանության գործառույթի համատեքստում սկսվել է ուսումնասիրություն:

Այդ շրջանակում Երևանի քաղաքապետարանից պահանջվել և ստացվել են «Հին Երևան»-ի կառուցապատմանն առնչվող փաստաթղթերը՝ Երևանի քաղաքապետի որոշումները, քաղաքապետի որոշման հիման վրա թողարկված գլխավոր հատակագծերը, շինարարական աշխատանքների հաստատված նախագծերի և շինթույլտվությունների վերաբերյալ փաստաթղթերը:

Ուսումնասիրմամբ պարզվել է, որ ՀՀ կառավարության 29.08.2013թ. որոշմամբ Երևան քաղաքի գլխավոր պողոտայի` Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքների նկատմամբ ճանաչվել է բացառիկ` գերակա հանրային շահ՝ «Հին Երևան» համալիրի նախագծի իրականացման նպատակով: Ըստ ստացված փաստաթղթերի՝ սկսած 2015թ. սեպտեմբերից մինչև 2019թ. դեկտեմբեր Երևան համայնքի կողմից 4 ընկերությունների տրվել են համապատասխան ճարտարապետահատակագծային առաջադրանքներ, որոնք համաձայնեցվել են իրավասու մարմնի և օրենքով սահմանված այլ շահագրգիռ մարմինների հետ: Իսկ 2016-ից 2019թթ. այդ ընկերություններից 3-ին տրվել են շինթույլտվություներ, որոնց նախագծերը համաձայնեցված են ՀՀ մշակույթի նախարարության, օրենքով սահմանված այլ շահագրգիռ մարմինների հետ:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ շինթույլտվություն ստացած ընկերություններից մեկը համաձայնեցված նախագծի պահանջներից դուրս վերգետնյա հարկի շինարարական աշխատանքներ է իրականացրել, ինչի համար Երևանի քաղաքապետարանի կողմից ենթարկվել է կրկնակի վարչական տույժի:

Նկատի ունենալով, որ ընկերությունը կրկնակի վարչական տույժի ենթարկվելուց հետո մեկ տարվա ընթացքում շարունակել է նախագծի խախտումներով իրականացվող շինարարությունը, դեռևս նշված հոդվածի հրապարակումից առաջ Երևանի քաղաքապետը դիմել էր ՀՀ գլխավոր դատախազին: Այդ հաղորդումը և կից փաստաթղթերն ուղարկվել են ոստիկանություն՝ դրանց հիման վրա նյութեր նախապատրաստելու և ընթացքը լուծելու հանձնարարությամբ, ինչի արդյոնքում ՀՀ քրեական օրենսգրքի 315.1-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և իրականացվում է նախաքննություն:

Այսինքն դատախազության ուսումնասիրությամբ «Հին Երևան» նախագծի կառուցապատումը քաղաքային իշխանությունների դրսևորած անգործության կամ թողտվության պատճառով խախտումներով իրականացվելու հանգամանքը չի հիմնավորվել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ