Եկել ենք եզրակացության, որ տարին հեռավարով ենք ավարտելու, առկա լսարանային դասեր չեն լինելու և մայիսին ևս հեռավար կրթությունը շարունակվելու է։ Այս մասին ապրիլի 27-ին, ուղիղ եթերում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։
Նախարարն անդրադարձավ դպրոցներում փոխադրական քննություններին. «Հանրակրթական ուսումնական հաստատություններում կրթական մի աստիճանից մյուսը տեղափոխվելու քննություններ չեն իրականացվելու 4-րդ և 9-րդ դասարանների ավարտին։ Աշակերտների մինչև մարտի 13-ն ունեցած և էլեկտրոնային մատյան փոխանցած գնահատականների հիման վրա ամփոփվում են նրանց տարեկան գնահատականները, որոնք համարվում են քննական, որոնց հիման վրա աշակերտները փոխադրվում ե հաջորդ աստիճան։ Փոխադրական քննություններ չեն իրականացվում նաև ավագ դպրոցի 10-րդ և 11-րդ դասարաններում, ամփոփումը տեղի է ունենում նույն ձևով»։
Նախարարն անդրադարձավ նաև վերջին զանգին, նշելով, որ վերջին զանգը կհետաձգվի. «Առողջապահության նախարարության և կառավարության հետ միասին պայմանավորվում ենք, հենց որ համավարակն իրենից վտանգ չներկայացնի, միասին օր ենք որոշում և վերջին զանգի արարողություններն իրականացնում ենք: Նախարարներն էլ, պաշտոնյաներն էլ ձեզ հետ միասին այդ արարողությանը կմասնակցեն, վստահ եմ, որ ոչ միայն դուք, այլև մենք կարիք ունենք այդպիսի հանրային միջոցառումների»,- ասաց նա։
Նախարարի խոսքով՝ ներկա իրավիճակում վերջին զանգի կազմակերպումը վտանգավոր է:
Մանրամանս` տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը