ԱԺ նիստում ապրիլին 15-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ՝ 97 կողմ, 14 դեմ, 0 ձեռնպահ ձայներով ընդունվեց ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որով քրեական պատասխանատվություն է նախատեսվում բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու կամ ատելության կոչերի համար:
Օրենքի համաձայն` արարքը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը դեմ է ատելության խոսքին և ողջունում է իշխանության մտադրությունը՝ սահմանափակելու դրա տարածումը, եթե, իհարկե, այն չի օգտագործվելու հօգուտ իշխանությունների կամ նրանցից տարբեր կարծիք ունեցողների դեմ։ Միաժամանակ, անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ ՀՀ օրենսդրությունն ունի բավարար գործիքակազմ ատելության խոսքի տարածումը կանխելու համար, եթե դատական համակարգը գործի անկախության պայմաններում։ Ավելին, ցավով արձանագրում ենք, որ անցած երկու տարիների ընթացքում ականատեսել ենք եղել փաստերի, որ ատելության խոսքի հիմնական տարածողը հենց գործող իշխանություններն են, ինչը ավելի է խորացնում մեր մտահոգությունները։
Այս օրենքը չպետք է դառնա լրատվականների խոսքի ազատությունը սահմանափակող մահակ։ Խնդրահարույց է նաև այն հանգամանքը, որ չկա ատելության խոսքի հստակ սահմանում, ինչը կարող է այն կամայական մեկնաբանությունների եւ, փաստացի, տարընթերցումների տեղիք տալ։ Կոչ ենք անում` որևէ դեպքում օրենքը չստորադասել սեփական շահերին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը