Ապրիլի 14-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանից լրագրողները հետաքրքրվել են՝ արդյո՞ք Ucom-ի աշխատակիցների մասսայական աշխատանքից ազատվելու դիմումները կարող է դիտարկել որպես սաբոտաժ և գործադուլ։
Հարցին ի պատասխան Զարուհի Բաթոյանը պատասխանել է. «Ես տեղեկություններ ունեմ միայն այն մասով, որ տնօրենի և աշխատակիցների հրաժարականի դիմումների դեպքում նույնիսկ նրանք շարունակում են աշխատել, որպեսզի կապը անխափան լինի։ Իրենց հավաստիացմամբ խնդիր չի լինի և ես կարծում եմ, որ ընկերությունը կկարողանա լուժել այդ խնդիրը, որովհետև բավականին կայացած և ճկուն կազմակերպություն է, որը շատ մեծ ռեսուրսներ ունի և կարողանում է կառավարել։ Մնացած մասով այդ խնդիրը մեր ոլորտում չէ և չեմ պատկերացնում դա սաբոտաժի հետ ինչ կապ ունի։ Եթե չեմ սխալվում իրենք ունեին կոնկրետ խնդիր, որը փորձում են լուծել իրենց կոնկրետ քայլերով, որը մինչև հիմա չի խափանել ոչ մի կապ և գործունեություն»։
Նախարարը նաև հիշացրել է, որ Ucom-մի աջակցությամբ ստեղծվել է «Թեժ գիծ», որի շնորհիվ նախարարության 100-ից ավելի աշխատողներ իրենց տնից կարողանում են կապ հաստատել քաղաքացիների հետ և պատասխանել իրենց ամենօրյա զանգերին։
Մեր կողմից հիշեցնենք, որ օրեր առաջ, մամուլում հրապարակումներ տարածվեցին այն մասին, որ ընկերության բաժնետերերի միջև անհամաձայնություն է։ Բազմաթիվ աշխատակիցներ ի պաշտպանություն Հայկ Եսայանի՝ աշխատանքից ազատվելու դիմումներ գրեցին։ Մամուլում այս մասսայական քայլը գնահատվեց որպես սաբոտաժ։ Իսկ ավելի ուշ ընկերության հիմնադիր բաժնետերերը իրենց հայտարարության մեջ նշեցին, որ մտադիր չեն վաճառել ընկերությունը, իսկ դիմում գրած աշխատակիցներին հորդորեցին վերադառնալ բնականոն աշխատանքի։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը