ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հորդորում է ցուցաբերել որոշակի հարմարվողականություն՝ ելնելով առկա հնարավորություններից։ Միեւնույն ժամանակ հիշեցնում է, որ, հաշվի առնելով առկա սահմանափակումները, հյուրանոցների մեծ մասը, մասնավորապես՝ Մոսկվա քաղաքում փակ են այցելուների համար։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը։
Հայտարարությունում, մասնավորապես, նշվում է.
«Հայտնում ենք, որ այս օրերին բազմաթիվ քաղաքացիներ դիմում են դեսպանությանը՝ իրենց օթեւան տրամադրելու հարցերով։
Միեւնույն ժամանակ մեր ներկայացուցիչների, ինչպես նաեւ սոցցանցերի միջոցով տեղեկանում ենք, որ կացության հարցով դիմող բազմաթիվ քաղաքացիներ հրաժարվում են շարունակել մնալ իրենց մտերիմների/բարեկամների մոտ կամ վարձու բնակարաններում՝ նախընտրելով դիմել դեսպանությանը։
Մեզ են դիմում նաեւ քաղաքացիներ, ովքեր երկարաժամկետ բնակվում են ՌԴ-ի տարածքում եւ չունեն կացության հրատապ անհրաժեշտություն ու առաջին օգնության կարիք։
Մեկ անգամ եւս նշում ենք, որ հնարավոր կացարանով դեսպանության կողմից ապահովվում են այն ՀՀ քաղաքացիները, ովքեր Մոսկվա են ժամանել այլ քաղաքներից եւ չունեն օթեւանելու վայր, ինչպես նաեւ այն քաղաքացիները, ովքեր վերջին շրջանում Հայաստանից ժամանակավոր մեկնել էին ՌԴ։ Ընդգծենք նաեւ, որ այս ուղղությամբ աշխատանքների իրականացման նպատակով դեսպանությունը համագործակցում է Ռուսաստանի հայ համայնքային կառույցների հետ։
Տարաբնույթ խնդիրներից խուսափելու նպատակով խնդրում ենք, որպեսզի դեսպանությանը դիմող քաղաքացիները ներկայացնեն ամբողջական տեղեկատվություն՝ համապատասխան ստուգումն իրականացնելու նպատակով։ Մասնավորապես, անհրաժեշտ է հստակեցնել, թե դիմող քաղաքացին երբ է մուտք գործել ՌԴ տարածք, արդյոք հանդիսանում է երկքաղաքացի եւ մինչեւ դիմելու պահը որտեղ է բնակվել ու աշխատել։
Նշենք նաեւ, որ որոշ քաղաքացիներ հրաժարվել են Պոդոլսկ քաղաքում գտնվող կացարանից՝ պատճառաբանելով, որ վեց անձի համար նախատեսված սենյակ-համարները չեն եղել հարմարավետ։
Այս պարագայում հորդորում ենք ցուցաբերել որոշակի հարմարվողականություն՝ ելնելով առկա հնարավորություններից։ Միեւնույն ժամանակ հիշեցնում ենք, որ, հաշվի առնելով առկա սահմանափակումները, հյուրանոցների մեծ մասը, մասնավորապես՝ Մոսկվա քաղաքում փակ են այցելուների համար»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը