13 04 2020

Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգումը շարունակվում է

Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգումը շարունակվում է

Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգումը շարունակվում է։ Աշխատանքները մի քանի օրով դադարեցվել էին հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության պայմաններում տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ կիրառվող ժամանակավոր սահմանափակումների հետ կապված։ Այս մասին տեղեկացնում է ՏԿԵ նախարարությունը։

Մ6 միջպետական ճանապարհի «Սանահին» կայարան-Հաղպատ հատվածում կապալառու կազմակերպությունն ապրիլի 9-ից արդեն վերսկսել է աշխատանքները։ Իրականացվում են կոյուղագծերի և ջրագծերի տեղադրում‚ մայթերի և ջրահեռացման վաքերի կառուցման‚ հողային‚ ասֆալտապատման նախապատրաստական աշխատանքներ։

Հաղպատ-Բագրատաշենի սահմանային անցակետ հատվածում կապալառուն կատարում է հողային‚ հենապատի կառուցման աշխատանքներ։

Շինարարական աշխատանքները կազմակերպվում են՝ հետևելով պարետի կողմից տրված հրահանգներին և ցուցումներին‚ պահպանելով սահմանված անվտանգ և առողջության համար անվնաս սանիտարահիգիենիկ պայմանները։ Շինարարներն ապահովված են բժշկական դիմակներով‚ ախտահանիչ նյութերով‚ աշխատանքները կազմակերպվում են այնպես‚ որպեսզի պահպանվի սոցիալական հեռավորությունը մարդկանց միջև։

Միջպետական ավտոճանապարհի մյուս՝ Թումանյան-«Սանահին» կայարան հատվածում կապալառուն մոբիլիզացնում է շինտեխնիկան‚ աշխատողներին‚ և արդեն վաղվանից կվերսկսվի գործունեությունը՝ հետևելով պարետի կողմից տրված հրահանգներին և ցուցումներին։

Շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողությունն իրականացնում է «Սաֆեժ ՍԱՍ և Հիլլ Ինտերնեյշընըլ» համատեղ ձեռնարկությունը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ