08 04 2020

Մտորումներ կորոնավիրուսի, աշխարհի վերջի և Հայաստանի ապագայի մասին. Երվանդ Բոզոյան

Մտորումներ կորոնավիրուսի, աշխարհի վերջի և Հայաստանի ապագայի մասին. Երվանդ Բոզոյան

Այսօր ոչ միայն Հայաստանն, այլև ողջ աշխարհը կանգնած է առողջապահական անսովոր մի արհավիրքի և դրանից բխող տնտեսական ու սոցիալական լուրջ ցնցումների առջև: Ցնցումներ, որ չի կարելի անվանել շարքային ռեցեսիա, որը համեմատելի կլիներ 2008-2009 թվականների ճգնաժամին: Ավելին, այս ճգնաժամը համեմատելի չէ նույնիսկ 1929-33 թվականների ճգնամին: Քանզի այն ժամանակ տնտեսական ճգնաժամն օբյեկտիվ ցիկլիկ բնույթ ուներ, և հասկանալի էր, թե երբ էր ավարտվելու: Այսօր տնտեսական և սոցիալական խնդիրների հետ զուգահեռ ի հայտ են եկել մարդկությանը ոչ հայտնի առողջապահական անվտանգության խնդիրներ:

Հնարավո՞ր էր արդյոք պատկերացնել, որ 21-րդ դարում մարդն իր տնից դուրս գալու համար, որպեսզի հաց գնի խանութից, պետք է տեղեկանք ունենա իր մոտ: Այդպիսի երևույթ չի եղել ոչ 2008-ին, ոչ էլ նույնիսկ 1929 թվականին:

Այսօրվա ճգնաժամն իր տեսակով ավելի շատ նման է սողացող բնույթի երրորդ համաշխարհային պատերազմի, որտեղ սակայն չկա ոչ պատերազմի տեսանելի ճակատ, ոչ էլ տեսանելի թիկունք: Այս պատերազմը ներխուժել է մեր բնակարաններ, պարտադրել, որ մենք փոխենք մեր ողջ պատկերացումները և ավանդական վարվելակերպը, մեր սոցիալական շփումների ձևերն ու հիգիենայի կանոնները:

Ավելին, մենք դեռ չգիտենք, թե իրականում ինչքան է տևելու այս ինքնամեկուսացման գործընթացը: Չգիտենք, թե իրականում ինչ է իրենից ներկայացնում այս վարակը և ինչ տոկոս է կազմում դրա հետևանքով մահացածության աստիճանը:

Բոլոր հաշվարկներն այս խնդրի հետ կապված այսօր կրում են խիստ պայմանական բնույթ:

Եվ քանի որ այդպես է, ապա հնարավոր չէ գնահատել նաև այս առողջապահական արհավիրքի տնտեսական և սոցիալական իրական հետևանքները:

Բերենք ընդամենը մեկ փաստ: Այսօր, աշխարհի տնտեսության մոտ 75 տոկոսը կանգ է առել: Աշխատուժի ավելի քան 80 տոկոսը դադարեցրել է իր գործունեությունը: Դժվար չէ կռահել, թե ինչ կլինի, եթե այս իրավիճակը շարունակվի ևս մեկ-երկու ամիս:

Ըստ նախնական գնահատականների, միայն սոված մարդկանց թիվը աշխարհում 80 մլն-ից կարող է աճել ուղիղ երկու անգամ, եթե այս իրավիճակը տևի ևս մեկ ամիս: Իսկ դրանից բխող նոր հիվանդությունների ի հայտ գալու ցուցանիշները ոչ ոք չի կարող նույնիսկ մոտավոր գնահատել:

Բոլոր այն խոսակցությունները, թե իբր համաշխարհային տնտեսությունը 2020 թվականին կհայտնվի սովորական ռեցեսիայի մեջ, խիստ հարաբերական և ոչ իրական են: Քանզի ոչ ոք չգիտի, թե երբ է ավարտվելու այս վարակի տարածումը և ինչ սցենարներ են գործելու տնտեսական հարաբերություններում:

Սակայն, քանի որ առանց որևէ պլանավորման հնարավոր չէ նույնիսկ մոտավոր սցենարներով հանդես գալ, ուստի մենք էլ փորձենք մոդելավորել ներկան ու ապագան:

Ի՞նչ է իրենից ներկայացնում այս վիրուսը և ինչով է այն ավելի վտանգավոր մյուս վիրուսներից

Առողջապահական շատ փորձագետներ, մասնագետներ, գիտնականներ նշում են, որ իր ախտանիշներով այս վիրուսը շատ չի տարբերվում մնացածներից, որոնք մարդկանց վարակում են տարբեր տեսակի գրիպներով:

Ավելին, ամեն տարի բոլոր տեսակի գիրպներով աշխարհում հիվանդանում է մոտ 5 մլն մարդ: Այսինքն գրիպով տարեկան հիվանդանում է մարդկության մոտ 0,065 տոկոսը: Դրանից մահանում է տարեկան մոտ 500 000 մարդ: Այսինքն, միջինը այդ վարակներից մահանում է մարդկանց մոտ 10 տոկոսը: Իհարկե, սովորական գրիպից մահացածության թիվը չի գերազանցում մոտ 0,01 տոկոսը: Իսկ դա նշանակում է, որ մինչև այսօր մարդիկ հիմնականում հիվանդանում են սուր վարակիչ հիվանդություններով:

Դրանցից են՝ ատիպիկ երկկողմանի թոքաբորբը, «թռչնի գիրպը», «խոզի գրիպը», այսպես կոչված «հոնկոնգյան» գրիպը և այլն:

Սակայն այդ հիվանդություններից ոչ ոք համաշխարհային պանդեմիայի չի վերածվել: Թեև, վարակի և վտանգավորության չափերով, այդ հիվանդությունները մի քանի անգամ ավելի վտանգավոր են եղել, քան այսօրվա կորոնավիրուսը:

Օրինակ, մեզ շատ հայտնի «թռչնի գրիպով» 2003-ից մինչև 2009 թվականները աշխարհում հիվանդացել է ընդամենը 442 մարդ, մահացել է կեսից ավելին՝ 262-ը:

Ատիպիկ թոքաբորբով աշխարհում հիվանդացել է 8096 մարդ, որից մահացել է 774-ը: Ամենաշատը, աշխարհում հիվանդացել են վերջին տարիներին, այսպես կոչված, «խոզի գրիպ»-ից`A/H1N1/: Ըստ ԱՀԿ տվյալների, 2009-ին՝ մեկ տարվա ընթացքում, աշխարհում վարակվել է մոտ 440 000 մարդ, մահացել է 5850-ը: Այսինքն մահացածության տոկոսը կազմել է մոտ 0,013:

Այսպիսով եթե ամփոփենք, ապա տեսանելի կլինի, որ ամենավտանգավորը «թռչնի գիրպն» էր, որի մահացածությունը գերազանցում էր 50 տոկոսը: Սակայն այս վարակը խիստ սահմանափակ բնույթ ուներ և չէր վտանգում մարդկությանը: Ատիպիկ թոքաբորբի մահացածությունը կազմել էր մոտ 1 տոկոսի չափ, սակայն դա էլ սուր վարակիչ բնույթ չուներ: «Խոզի գրիպն» ամենաշատն էր տարածվել, սակայն նրա մահացածության տոկոսը սովորական գրիպից պրակտիկորեն չէր տարբերվում:

Այս վարակները կորոնավիրուսի հետ համեմատելով՝ կարող ենք նշել հետևյալը․

Առաջին

Այս կորոնավիրուսի մահացածության ցուցանիշը զգալիորեն մեծ է, քան «խոզի գրիպի» և նույնիսկ ատիպիկ գրիպի ցուցանիշներից: Եվ միաժամանակ իր վարակի տարածման արագության ցուցանիշով գերազանցում է վերը նշվածներից մի քանի անգամ:

Երկրորդ

Կորոնավիրուսի դեմ վակցինա դեռ գոյություն չունի, իսկ դա նշանակում է, որ այն կարող է տարածվել նույնիսկ վիրուսների համար ոչ սեզոնային ժամանակահատվածում նույնպես:

Հենց այս երկու գործոնները իրար հետ լրջագույն վտանգի տակ են դնում մարդկությանը: Քանզի, եթե այս վիրուսի տարածման արագության աստիճանը մի քանի անգամ գերազանցում է ավանդական գրիպներից և նրա դեմ վակցինա գոյություն չունի, ապա այս վիրուսով հիվանդների կտրուկ աճի պատճառով համաշխարհային առողջապահական համակարգը կարող է կազմալուծվել: Դրա արդյունքում այս վարակի մահացածության ցուցանիշը կարող է շատ ավելի մեծ լինել, քան 1 տոկոսն է: Ավելին, եթե այս վարակի տարածումն ընթանա երկրաչափական պրոգրեսիայով, ապա նրա մահացածության ցուցանիշը նույնպես կարող է մեծանալ նույն երկրաչափական պրոգրեսիայի եղանակով: Իհարկե, տարբեր երկրներում այդ ցուցանիշները կարող են տարբերվել, կախված նրանից, թե որ երկրում երբ կկազմալուծվի իրենց առողջապահական համակարգը:

Տեսական իմաստով, եթե մարդկությունը ոչ մի միջոցի չդիմեր, ապա այս վիրուսի տարածումը կարող էր տևել մինչև 1,5 տարի և որի արդյունքում կվարակվեր մարդկության մոտ կեսը, այսինքն՝ մոտ 3,5-4 մլրդ մարդ: Այդ ժամանակ մարդկությունը ձեռք կբերեր, այսպես կոչված, «հոտային իմունիտետ» և վիրուսի խնդիրը կլուծվեր բնական ճանապարհով: Այդ 3,5-4 մլրդի մոտ 10 տոկոսը կհայտնվեր ծանր վիճակում, երբ կպահանջվեին թոքերի աշխատանքների համար արհեստական շնչառական սարքավորումներ: Վերջիններիս ակնհայտ պակասի պատճառով կարող էր մահանալ ծանր վիճակում հայտնվածների կեսը, այսինքն՝ մոտ 200 մլն մարդ:

Հիշեցնենք, որ 100 տարի առաջ, երբ սկսվեց համաշխարհային պանդեմիա, «իսպանկա» կոչվող վարակով հիվանդացավ մոտ 500 մլն մարդ: Նրանց մոտ 10 տոկոսը մահացավ անհրաժեշտ սարքավորումների պակասի պատճառով:

Եթե այս թվերը ինտերպոլյացիա կատարենք Հայաստանի վրա, ապա այդ պարագայում, 1,5 տարվա ընթացքում կարող էր վարակվել մեր բնակչության կեսը, այսինքն՝ մոտ 1,5 մլն մարդ: Որից 150 000 հազարը կհայտնվեր ծանր վիճակում, իսկ մահացածության աստիճանն էլ կլիներ 75 000 ավելի շատ, քանզի մեր առողջապահական համակարգը, մեղմ ասած, տարբերվում է Գերմանիայի, ԱՄՆ-ի, Իտալիայի և նույնիսկ Ռուսաստանի համակարգերից:

Այս թվերի կանխագուշակումը հաշվի առնելով է, որ ԱՀԿ-ը հնչեցրել է ահազանգը, որտեղ բոլոր երկրները սկսել են պայքարել այս աներևակայելի աստիճան վտանգավոր արհավիրքի դեմ:

Շարունակելի․․․

Երվանդ Բոզոյան

Քաղաքական մեկնաբան

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ