02 04 2020

Լրացավ ապրիլյան պատերազմի չորս տարին

Լրացավ ապրիլյան պատերազմի չորս տարին

2016-ի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը ձեռնարկեց պատերազմական գործողություններ: Ապրիլի լույս երկուսի գիշերը սկսված գործողություններն տևեցին չորս օր, որի ընթացքում ադրբեջանական բանակը կիրառեց իր զինանոցի գրեթե ողջ զինատեսակները: Հակառակորդը հարվածներ հասցրեց նաև խաղաղ բնակավայրերին, զոհվեցին և վիրավորվեցին խաղաղ բնակիչներ և երեխաներ:

ՌԴ միջնորդությամբ, ապրիլի 5-ին կրակը դադարեցնելու բանավոր համաձայնություն ձեռք բերվեց, ժամը 12:00-ի դրությամբ դադարեցվեցին ռազմական գործողությունները: Մարտական գործողությունների հետևանքով Հայկական կողմը տվեց 110 զոհ և 120 վիրավոր: Ադրբեջանի ՊՆ-ն պաշտոնապես հայտարարեց 31 զոհի մասին, թեև զանազան ապացույցներ կան 300-ից ավելի զոհի մասին: Մեծ են նաև Ադրբեջանի տեխնիկական կորուստները՝ 24 տանկ, հրանետ, Հետևակի մարտական մեքենա, զրահապատ մեքենա, Գրադ, անօդաչուներ:

Ապրիլի 8-ին, համաձայն նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության, հայկական և ադրբեջանական կողմերը, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականների միջնորդությամբ, իրականացրել են զոհվածների որոնողական աշխատանքներ, որոնց ընթացքում կրակի դադարեցման շուրջ պայմանավորվածությունների խախտում չի արձանագրվել։

Ապրիլյան պատերազմում նահատակված մեր հերոսներին կարող եք ծանոթանալ այս հղումով:

Նշենք նաև, որ պատերազմից երեք տարի անց` մայիսի 31-ին Ազգային ժողովում ստեղծվեց քննիչ հանձնաժողով, որին նախորդել էր մայիսի 20-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը դատաիրավական համակարգի վերաբերյալ քննարկան ժամանակ: Նա մասնավորապես, ասել էր, որ «հասունացել է 2016 թվականի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով ստեղծելու և մեզ բոլորիս հուզող մի շարք հարցերի պատասխանները ստանալու ժամանակը»:

Հանձնաժողովի ստեղծումը հենց սկզբից քննադատությունների արժանացավ, քանի որ կազմը  հիմնականում բաղկացած է կասկածելի անցյալ ունեցող և բանակում չծառայած պատգամավորներից: Ստեղծումից շուրջ մնեկ տարի անց հանձնաժողովը դեռ որևէ արձանագրում չի ունեցել, ավելին պատկառելի հեղինակություն և համբավ ունեցող գեներալներն անգամ մերժում են մասնակցել նիստերին: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ