30 03 2020

127,000 վարձու աշխատողների կառավարությունը աջակցություն կտրամադրի

127,000 վարձու աշխատողների կառավարությունը աջակցություն կտրամադրի

Կառավարությունն աջակցություն կտրամադրի կորոնավիրուսի տարածման հետևանքով մասնավոր հատվածի՝ ավելի շատ տուժած ոլորտների վարձու աշխատողներին և անհատ ձեռնարկատերերին։ Մասնավորապես, խոսքը հյուրանոցային և հյուրատնային, հանրային սննդի, զբոսաշրջային, վարսավիրանոցների և գեղեցկության սրահների, մանրածախ առևտրի ծառայություններ մատուցող աշխատողներին և ԱՁ-ների մասին է։

Ըստ նախագծի՝ տուժած ոլորտ չեն համարվում մանրածախ առևտրի այն ծառայությունները, որոնց շրջանակում վաճառվում է նաև սննդամթերք, ծխախոտ, դեղորայք կամ ալկոհոլային խմիչք:

Վարձու աշխատողները շահառու են համարվում այն պարագայում, եթե 2020 թվականի մարտի 13-ից մարտի 30-ն ընկած ժամանակահատվածում հանդիսացել են վերը նշված տուժած ոլորտների աշխատողներ:

«Աջակցությունը տրամադրվում է միանվագ։ Վարձու աշխատողի համար 2020 թ․ հունվար և փետրվար ամիսների համար հաշվարկված միջին ամսական աշխատավարձի 50 տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան նվազագույն աշխատավարձի՝ 68 հազար դրամի չափով և ոչ ավելի, քան նվազագույն աշխատավարձի կրկնապատիկի չափով, եթե վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը գերազանցում է նվազագույն աշխատավարձի չափը»,- հայտնեց վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը։

Իսկ անհատ ձեռնարկատերերի դեպքում աջակցության չափի հաշվարկը կատարվելու է՝ հաշվի առնելով 2019 թվականի 4-րդ եռամսյակի իրացման շրջանառության 10 տոկոսը։ Այս դեպքում կրկին, աջակցությունը պետք է լինի ոչ պակաս, քան նվազագույն աշխատավարձն է և ոչ ավելի, քան նվազագույն աշխատավարձի կրկնապատիկն է։

Նիստին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն առաջարկեց նեղացնել այս ծրագրով նախատեսված շահառուների գործատուների շրջանակը: Վարչապետը դեմ արտահայտվեց. «Այս պարագայում արժի՞ նեղացնել, եթե հղի կանանց մասին է խոսքը՝ չարժի նեղացնել, որովհետեւ ամուսնու կարգազանցության պատճառով, չեմ կարծում, որ մենք հղի կանանց պետք է «պատժի» ենթարկենք»:


Աջակցությունը տրամադրվելու է շահառուի կողմից www.online.ssa.am կայքում սահմանված կարգով էլեկտրոնային եղանակով ներկայացրած դիմումի հիման վրա՝ ապրիլի 9-ից սկսած։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ խոսքը մոտ 127 հազար շահառուի մասին է, բայց տվյալները դեռ պետք է ճշգրտվեն։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ