14 03 2020

Իսկ եթե վաղը պատերա՞զմ է

Իսկ եթե վաղը պատերա՞զմ է

Հայաստանում արդեն պաշտոնապես հաստատվել է կորոնավիրուսի վարակման 15 դեպք: Շատ է խոսվում և քննարկվում, թե արդյո՞ք մինչև հիմա բոլոր միջոցառումները բավարար էին, արդյո՞ք կարելի էր կանխարգելել դրա տարածումը, թե՝ ոչ, քարոզարշավը ի՞նչ վտանգներ ուներ և այլն: Առանձնացնենք այս ամենի հետ կապված ՀՀ իշխանության ներկայացուցիչների հրապարակային արձագանքներից հատվածներ՝ ըստ ժամանակագրության, որից պարզ է դառնում՝ որքանով է պատրաստ հեղափոխական երիտասարդ իշխանությունը կրիզիսային իրավիճակի:

Փետրվարի 23, ժամը 10:45, Վիկտոր Ենգիբարյան, Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր

«Խնդրում եմ դադարեք հայ-իրանական սահմանը փակելու մասին խոսակցությունը, սա անպատասխանատու մոտեցում է ու չի բխում բարեկամ պետությունների հարաբերությունների տրամաբանությունից և մեր երկրի շահերից: Եվ վերջում, պանիկա ստեղծողները հաջորդ կյանքում կորոնավիրուսի հարուցիչ են լինելու»։

Փետրվարի 23, ժամը 19:34, վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջ

«Կդադարեցվի Իրան-Հայաստան օդային հաղորդակցությունը և Մեղրիի սահմանային անցակետով անձանց մուտքը մեր երկիր»:

Փետրվարի 27, Արսեն Թորոսյան, ՀՀ առողջապահության նախարար, Կառավարության նիստից հետո

«Կորոնավիրուսը շատ վտանգավոր վիրուս չէ»:

Փետրվարի 28, ժամը 10:42, վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջ

«Թու, թու, թու՝ Հայաստանում մինչ այս պահը կորոնավիրուսով հիվանդացության ոչ մի դեպք չի գրանցվել։ Եվ եթե պահեք այս պաստառում նկարագրված բոլոր կանոնները՝ չի էլ գրանցվի»:

Մարտի 1, ժամը 04:52, վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջ

«Սիրելի հայրենակիցներ, մոտ երկու ժամ առաջ կորոնավիրուսով հիվանդացության հաստատված դեպք ունեցանք՝ ցավոք»։

Մարտի 1, ժամը 16:00, վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջ

«Այնպես որ՝ դուխով, ժողովուրդ ջան։ Կորոնավիրուսը ո՞ւմ շուննա, որ մի հատ էլ մեր կյանքում ինչ որ պրոբլեմներ առաջացնի։ Բայց, իհարկե, պետք է զգոն վերաբերվել, անլուրջ չվերաբերվել և հաղթել»:

Մարտի 11, ժամը 20:00

Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը թվիթերի իր էջում հայտնել է COVID-19 կորոնավիրուսի՝ պանդեմիայի վերածվելու մասին

Մարտի 11, ժամը 20:08, վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջ

Հրապարակվում է հաջորդ օրվա քարոզարշավի ժամանակացույցը:

Մարտի 11, ժամը 20:36, վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջ

«Այսօր, ցավոք, կորոնավիրուսի երեք նոր դեպք ունենք»:

Մարտի 12, Կառավարության նիստ, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյան

«Նմանատիպ որոշումների համար կոնկրետ հիմնավորումներ են պետք, որոնք կվկայեն այն մասին, որ արդեն իսկ կա վիրուսի տարածում: Մեր դեպքերը շատ տեղայնացված են, շատ կոնկրետ են, մարդիկ են, ովքեր ի սկզբանե եղել են վերահսկողության տակ ու դեռևս նմանտիպ հարց քննարկելու կարիք չկա, խուճապի կարիք էլ չկա»:

Մարտի 12, կառավարության նիստ, նախարար Արայիկ Հարությունյան՝ ԿԳՄՍ նախարար 

«Կրթական հաստատություններում հաճախելիությունը 90 տոկոս է, մարզերում ավելի քիչ, Երևանում մի քիչ ավելի շատ, մենք օպերատիվ հետևում ենք իրավիճակին, որոշումները կկայացնենք խորհրդակցությունից հետո»:

Մարտի 12, կառավարության նիստ, առողջապահության նախարար Արսեն Թորոսյան

«Պացիենտներից երեքն այս պահին սիմպտոմներ չունեն, չնայած դիմելու պահին ունեցել են ջերմություն: Միայն մեկն ունի այս պահին գանգատներ և աջակողմյան բազալ թոքաբորբ է, ստանում է բուժում: Մնացած պացիենտները որևէ բուժում չեն ստանում: Հայտնաբերման հետ կապված միջոցառումներից ուզում եմ տեղեկացնել, որ վերջին 3 պացիենտներից բոլորը Հայաստանի Հանրապետություն են ժամանել Իտալիայից վերջին մի քանի օրերին, ժամանման պահին որևէ գանգատ չեն ունեցել, սակայն գտնվել են մեր մասնագետների հսկողության տակ՝ թե՛ տնային այցերի, թե՛ հեռախոսային կապի միջոցով: Գանգատներ ի հայտ գալու պես հոսպիտալացվել են, փաստորեն նրանց մոտ հաստատվել է այդ վիրուսի առկայությունը»։

Մարտի 12, ժամը 12:20, Նիկոլ Փաշինյանը Ջերմուկ քաղաքումում քարոզարշավի ժամանակ

«Եթե կորոնավիրուսով պայմանավորված անհրաժեշտություն լինի, քարոզարշավը կընդհատենք»:

Մարտի 12, ժամը 12:26, Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գրիգորյան

«Մենք այս պահին հակված չենք մանկապարտեզները փակելու, ես նման կարգադրություն այս պահին չեմ տվել, այնտեղ անվտանգության կանոնները խստագույնս պահպանվում են: Հաշվի առնելով այն փաստը, որ Էջմիածնում կա մեկ վարակակիր, այսօր երեկոյան Զվարթնոց թաղամասում իմ քարոզարշավն աշխատանքային ժամից հետո չեղարկում է»:

Մարտի 12, ժամը 15:30,  վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Այո»-ի քարոզարշավի ժամանակ

«Կորոնավիրուսը գրիպի նման վիրուս է և ավելորդ խուճապ պետք չէ տարածել, քանի որ կառավարությունը բոլոր միջոցները ձեռնարկում է»:

Մարտի 12, ժամը 17:00, վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վայոց  Ձորի մարզի Մալիշկա գյուղում «Այո»-ի քարոզարշավի ժամանակ

«Ու էդ կորոնավիրուսներին հատիկ-հատիկ պինցետով հանելու ենք, տնական արաղով դեզինֆեկցիա անենք ու ուղարկենք իրենց գործերին»:

Մարտի 12, ժամը 20:22, վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջ

«Ընդհատում եմ արձակուրդս։ Վաղը մանկապարտեզները, դպրոցները, բուհերը չեն աշխատի։ Կառավարությունում կհրավիրեմ խորհրդակցություն կորոնավիրուսի հետ կապված ընթացիկ իրավիճակը գնահատելու համար»։

Մարտի 13, ժամը 12:42, վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի ուղիղ եթերում

«Էջմիածնի կինը ոչ միայն պետությունից է թաքցնում ջերմությունը բարձրացած լինելու հանգամանքը, այլեւ քանի որ իր համար շատ կարևոր է հարազատի նշանադրությունը, այս ընթացքում սիստեմա է ընդունում և սիստեմայի տակից դուրս գալով վճռական որոշում է կայացնում մասնակցելու այդ նշանադրությանը»:

Մարտի 13, ժամը 19։00, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մամլո ասուլիսի ժամանակ

«Ես պաշտոնապես հայտարարում եմ արտակարգ իրավիճակի ռեժիմ»։

Մարտի 13, ժամը 23:00 վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր ուղիղ եթերում

 «Ես և Աննան որոշեցինք ինքնամեկուսացվել Սևանում»:

 

Առանձնացրեց Տաթև Միրոյանը

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ