Մարտի 9-ին Հադրութի շրջանում Արցախի նախագահի թեկնածու, Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը նախընտրական հանդիպումներ է ունեցել Հակակու, Թաղուտ, Մոխրենես, Տումի, Տող, Մեծ Թաղեր և Ազոխ համայնքների բնակիչների հետ։ Ամբոխավարությունն այս օրերին շատ է։ Թեկնածուն ընտրողներին կոչ արեց՝ չտրվել դրանց, չհավատալ կեղծ խոստումներին, որոնք հետո կրկին հիասթափության են բերելու։ «Այսքան տարիներին այդ խոստումներից գոնե մեկը կատարեին էլի, ինչի՞ են սպասել ընտրությունների»,- ասել է նա։ Վճռորոշ փուլում ենք, և բոլոր ուղղություններով երկրի խնդիրները պետք է լուծենք։ «Լինենք միակամ և կուռ, ինչպես 1991-1994 թվականներին էինք և իրականացնենք մեր ռազմավարությունը, որ երկիրը լինի անվտանգ և արդար: Արցախցին վաղուց այդքան միակամ չէր եղել, ինչպես 2016-ի ապրիլին, երբ այդպես միաբանված, կարճ ժամանակում, կարողացանք ձախողել Ադրբեջանի պլանները»,- ասել է Բալասանյանը։ Ոչ թե ստիպված, այլ պարտավորված է առաջադրվել, քանի որ իր սրբազան պարտքն է համարում այս օրերին Արցախը չթողնել արհավիրքի մեջ։ Այս շրջանում, երբ Արցախը պառակտում են՝ ոմանք հասարակական կազմակերպություններով, ոմանք՝ կուսակցություններով։ «Կյանքովս եմ ապացուցել, որ ես այդ պատասխանատվությունը վերցրել, կրում եմ և կրելու եմ։ Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ Արցախն ունի մարդկային այն ռեսուրսն ու կարողությունը, որ դառնա պաշտպանված և տնտեսապես հզոր, աշխարհում եզակի երկրներից մեկը»,- ասել է Վիտալի Բալասանյանը։ Իսկ անարդարությունը, ըստ նրա, սկիզբ է առել վաղուց, երբ սկսվեցին անարդարացի պարգևատրումները, մեկի հանցագործությունների ներումը, իսկ մյուսին՝ տասը տարով դատապարտելը։ Բայց այս անարդարություններին վերջ դնելու ժամանակը եկել է։ «Պետք է ետ վերադառնալ այն ժամանակները, երբ հացն ու մահը հավասար էին բոլորիս համար։ Եվ արյուն, և քրտինք ենք թափել, բայց եթե այդպես շարունակեինք 1994-ից հետո էլ, 2016-ի ապրիլ չէինք ունենա, մեր տնտեսությունն էս վիճակում չէր լինի»,- ասել է Արցախի հերոսը։
Բալասանյանի խոսքով, այժմ էլ պետք է մտահոգվել Արցախի ճակատագրով։ Այժմ այն թեմաները, որոնք քննարկվում են, վերաբերում է Արցախում համատեղ բնակության կազմակերպմանը, ինչն արվել է նաև 1921-23 թվականներին։ Հետևանքներին բոլորը քաջածանոթ են։
«Թշնամիներ որոնելով և ազգը պառակտելով՝ լավ տեղ չենք հասնի։ Լինե՛նք միակամ։ Հզորացնենք մեր պաշտպանությունը, շատ գործ ունենք անելու։ Քաղպաշտպանությունը երկրում զրո է, պահեստազորը՝ զրո է, իսկ այս դեպքում, եթե զինված ուժերն անգամ գերազանց լինեն, պաշտպանվելու ենք այնքանով, որքանով…»,- զգոնության կոչ է արել գեներալ Վիտալի Բալասանյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը