Կառավարությունը հավանություն տվեց «Մաքսային կարգավորման մասին» օրենքի փոփոխուևթյուններին, որը վերաբերում է մշտական բնակության Հայաստան վերադարձող հայերին:
Խոսքը վերաբերում է Հայաստան վերադարձող քաղաքացիների անձնական գույքը առանց մաքսային վճարումների Հայաստան մտցնելուն. «Հիմա ավելի լավ պայմաններ ենք ստեղծում, որ ավելի շատ գույք կարողանան իրեց հետ բերել Հայաստան»,- նշեց վարչապետը։
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը նշեց, որ հիմնական խոչնդոտն այն է, որ անձը վերջին 5 տարվա ընթացքում յուրաքանչյուր տարվա ընթացքում 180 եւ ավելի օր պետք է ՀՀ-ում գտնված չլիներ, որ մաքսատուրքից ազատման արտոնությունը կիրառվեր, որպեսզի իր անձնական օգտագործման ապրանքները ազատվեն մաքսատուրքից:
«Հիմա նորմը փոխում ենք այսպես, որ 5 տարվա ընթացքում (1825 օր), եթե 915 օր ինքը չի գտնվել ՀՀ-ում»,-ասաց նա:
Վարչապետի հարցին, թե անձը ի՞նչ կարող է իր հետ բերել, Անանյանը պատասխանեց. «Կենցաղային եւ անձնական օգտագործման օգտագործած սարքեր՝ յուրաքանչյուր տեսակից 3-ական հատ, այսինքն երեք սառնարան, երեք հեռուստացույց: Ընդ որում, եթե գալիս են 3 հոգանոց ընտանիքով, ապա 9 հեռուստացույց: Յուրաքանչյուր անձ կարող է բերել մեկ ավտոմեքենա:
Կարեւոր է, որ քաղաքացիության նորմը չենք դնում, կարեւոր է, որ անձը գալիս է մշտական բնակություն հաստատելու:
Եթե անձը Հայաստան գալուց հետո չի ստանում ՀՀ քաղաքացիություն կամ մերժվում է, ապա այդ արտոնություններից չի օգտվում եւ պետք է մաքսատուրքը վճար:»:
Այս արտոնությունից կարող են օգտվել Հայաստան մշտական բնակության եկողները, եթե համապատասխան մարմիններում ճանաչվել են որպես այդպիսին, երկրորդը՝ փախստականի կարգավիճակ եւ հարկադիր տեղահանվածի կարգավիճակ ունեցողը»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը