Այսօր ՀՀ-ում կորոնավիրուսի դեպք չկա: 2000-ից ավել անձանց հսկել ենք, հոսպիտալացրել ենք 83 անձանց, որոնք ունեցել են թեթև նախանշաններ: Բոլորը թեստավորվել են, արդյունքները եղել են բացասական: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը: Անդրադառնալով ՀՀ-Իրան սահմանի փակմանը, Վանյանն ասաց, որ բեռնափոխադրող վարորդներին հսկելու են խստացված ռեժիմով: «Վարորդները պետք է լինեն լիարժեք հսկողության ներքո: Հստակ մեխանիզմներ կմշակվեն՝ ինչպես պետք է բեռնափոխադրումները կատարել: Գործընթացը կիրականացվի խստացված հսկողության ներքո, և սա ամբողջովին կառավարելի կլինի»,- ասաց նա՝ նշելով նաև, սա չի նշանակում, որ չեն վերահսկելու մյուս երկրներից եկող քաղաքացիներին: «Բայց հաշվի առնելով Իրանի հետ անմիջական կապը և հոսքերը՝ որոշում կայացվեց փակել Իրանի հետ սահմանը: ժամանակավոր գործընթաց է, որ փորձենք նվազեցնել ռիսկը»,-հավելեց նա:
Դիտարկմանը, թե մտահոգություններ կան, որ Հայաստանում առկա դիմակներն ապահով չեն, և հարցին՝ Հայաստանում կա՞ն այլ տեսակի դիմակներ, և նաև բժիշկների համար նախատեսված համազգեստներ, Վանյանն արձագանքեց, թե դրանք Ն95 դիմակներն են, որոնցից օգտվում են հիմնականում բժիշկները: «Սա վիրուս է: Առաջինը պետք է պահպանել հիգիենան: Սա ամենակարևոր հարցն է: Ինչպես օդակաթիլային ճանապարհով, այնպես էլ կեղտոտ ձեռքերից վիրուսը կարող է տարածվել: Նույն գրիպի հետ կապված ախտանշաններն են, փոխանցվում են նույն ձևաչափով: Այլ հատուկ պաշտպանիչ միջոց խորհուրդ չի էլ տրվում: Դիմակներ կրելու կարիք չկա: Պետք է կրել այն դեպքերում, երբ շփում կա հիվանդի հետ»,-ասաց նա: Նա հայտնեց նաև, որ ներկա պահին Հայաստանում կորոնավիրուսի ախտորոշման 600-700 թեստ կա, ևս 1000 թեստ կներկրվի, իսկ թեստավորումը կատարվում է ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ստանդարտների: Ըստ Վանյանի՝ վարակման դեպքում առաջին հիվանդանոցը, ուր կտեղափոխվի քաղաքացին, Նորք ինֆեկցիոն կենտրոնն է, որովհետև այնտեղ կան մեկուսարաններ, մյուս դեպքերում բաշխվածութունը լինելու է ըստ տարածաշրջանի:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը