22 02 2020

Պետք է բոլորը պատասխան տան՝ հրամանատարներից մինչև պաշտպանության նախարար․ Նորատ Տեր-Գրիգորյանց․ Hraparak.am

Պետք է բոլորը պատասխան տան՝ հրամանատարներից մինչև պաշտպանության նախարար․ Նորատ Տեր-Գրիգորյանց․ Hraparak.am

Hraparak.am-ը գրում է․

«Սովետական եւ Հայաստանի պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ, 1992-1995 թթ. Արցախյան ազատամարտի ընթացքում Հայաստանի զինված ուժերի զարգացման գործում մեծագույն ավանդ ունեցող Նորատ Տեր-Գրիգորյանցը բանակում մահերը համարում է զինված ուժերում արտակարգ իրավիճակ։ «Սա աննորմալ վիճակ է, սա արտակարգ իրավիճակ է։ Ինչպե՞ս են հնարավոր այդքան մահեր, ինչ է՝ նրանք կռվե՞լ են, ինչ-որ բանի համար զոհվե՞լ են։ Սրա համար պետք է բոլորը պատասխան տան՝ սպաները, հրամանատարները՝ սերժանտներից մինչեւ պաշտպանության նախարար։ Բոլորը պետք է պատասխանատվության ենթարկվեն այդ խայտառակության ու բարդակի համար։ Սա խայտառակություն է, սա հակառակորդին հաղթած բանակ է, եւ այն պետք է լինի կարգապահ, բարձր մակարդակի մարտունակության։ Մինչդեռ, մենք իմանում ենք, որ այս բանակում 13 երիտասարդ զինվոր է մահանում։ Սա անթույլատրելի է ու սա արտակարգ իրավիճակ է։ Տեսե՞լ եք, թե համացանցում ինչ է կատարվում, բոլոր թուրքական լրատվամիջոցները գրում ու չարախնդում են, որ հայկական բանակը քայքայվում է»։

- Պարոն գեներալ-լեյտենանտ, այս առումով վաղ 90-ականներին ինչպե՞ս էր վիճակը բանակում։

- Ես չգիտեմ, իմ ժամանակ նման բան չի եղել։ Ես  ընկերներիս հետ զբաղված էի այդ զինված ուժերի ստեղծմամբ եւ, հետեւաբար, նման դեպքերի մասին չգիտեմ։

- Այնուամենայնիվ, ո՞ւմ եք համարում այս ամենի պատասխանատուն։ Փորձագետների մեծամասնությունն այն կարծիքին է, որ սա գալիս է սպաներից, որոնց համար բանակը գողական օրենքներով կառավարելն ավելի հեշտ է։

- Սպայակազմը նույն այդ զինվորներն են, նախկին կուրսանտները, հայ ծնողների որդիները։ Եվ եթե սպան նման պայմաններ է ստեղծում, ապա նա հանցագործ է, որին պետք է հանձնել գնդի սպայական պատվի դատին։ Եվ նրան պետք է քշել բանակից, ենթարկել պատասխանատվության բանակի անձնակազմի բարոյահոգեբանական վիճակի քայքայման համար։ Այդպես անում են աշխարհի բոլոր զինված ուժերում։ Եվ այս ամենի հետաքննությունը դատախազության, ռազմական քննիչների կողմից պետք է տարվի հանգամանալից ու հասարակության համար հանրամատչելի։ Պետք է վերջապես եւ շատ լավ հասկանալ, թե ինչ է կատարվում հայկական բանակում։ Եվ մեր բանակում յուրային, օտար՝ նման բաներ չպետք է լինեն, այստեղ ամեն մի զինվոր իրեն պետք է այդ ուժի մաս զգա։ Իսկ սպաներն էլ բանակում պետք է լինեն այդ զինվորների հայրերի նման։ Դա ես չեմ ասում, իրենց կանոնադրությունում է այսպես գրված։

- Ինչպե՞ս է հնարավոր, որ ապրիլյան պատերազմից 4 տարի հետո հայ զինվորն այնքան մոռանա արտաքին թշնամու մասին, որ սկսի փնտրել ներքին թիրախներ։

- Մեր հայ ժողովրդի դժբախտությունն այն է, որ դարեր շարունակ թուրքերը, ապա ադրբեջանցիները, որ նույն թուրքերն են, մեզ մորթել են, ոչնչացրել, բռնաբարել ու մեզնից խլել են տարածքներ, ինչի հետեւանքով հայկական հսկայական տարածքներից մեզ այսօր մնացել է 29 հազար քառակուսի կիլոմետր։ Հետո թուրքերը սկսեցին խլել մեզնից հողեր՝ Ղարաբաղն ու Նախիջեւանը, Մոսկվայի պայմանագրով՝ ԽՍՀՄ բոլշեւիկյան բյուրոյի որոշումով, հետո հարձակվեցին Ղարաբաղի վրա՝ ցանկանալով տիրանալ նաեւ Զանգեզուրին ու այսպես միանալ մինչեւ Թուրքիա՝ թիրախ ունենալով նաեւ Երեւանը։ Բայց մենք ստեղծեցինք բանակ, ջախջախեցինք հակառակորդին, թույլ չտվեցինք նոր ցեղասպանություն ու ազատագրեցինք Ղարաբաղը։ Ազատագրեցինք։ Եվ ամեն երկու տարին մեկ զորակոչվող զինվորները պետք է դաստիարակվեն այս պատմական ճշմարտություններով, հայրենիքին, ժողովրդին ու իրենց ծնողներին նվիրվածության ոգով։ Ինչպես նաեւ` որ իրենք են ապահովում երկրի անվտանգությունն ու հայ ժողովրդի պատիվն ու արժանապատվությունը։ Մարդիկ պետք է լինեն, որ նրանց պետք է բացատրեն, որ այս ամենից բացի իրենց միակ խնդիրները բանակի մարտունակությունն է, ոչ թե ինչ-որ բանդիտական աշխարհայացքով միմյանց վիրավորելն ու պատասխան պահանջելը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ