21 02 2020

Ահազանգ՝ մ.թ.ա. 2-րդ հազարամյակի ժայռապատկերների ոչնչացման վտանգի մասին

Ահազանգ՝ մ.թ.ա. 2-րդ հազարամյակի ժայռապատկերների ոչնչացման վտանգի մասին

Տիգրան Մեծի այգում Ք.ա 2-րդ հազարամյակի ժայռապատկերներին վտանգ չի սպառնում, հարցը վարչական շրջանի ղեկավարի անմիջական հսկողության տակ է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ անդրադառնալով քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի գրառմանն այն մասին, որ Նոր Նորք վարչական շրջանում գտնվող Տիգրան Մեծի այգում մ.թ.ա. 2-րդ հազարամյակի ժայռապատկերներ կան, որոնք ոչնչացման վտանգի տակ են:

«Տիգրան Մեծի այգում Ք.ա 2-րդ հազարամյակի ժայռապատկերներին վտանգ չի սպառնում, հարցը վարչական շրջանի ղեկավարի անմիջական հսկողության տակ է:

Իսկ քարերի մոտակայքում գտնվող տարածքի շինարարության պատմությունը բավական բնորոշ է մեր իրողությանը: Տարածքի սեփականատերը անցած 1,3 տարվա ընթացքում մի քանի անգամ դիմել է քաղաքապետարան՝ իր սեփական տարածքում շինարարության թույլտվություն ստանալու համար: Քանի որ փաստացի տարածքը մտնում է հանրային այգու մեջ, քաղաքապետը հրաժարվել է շինթույլտվություն տրամադրել: Սակայն տարածքի սեփականատերը դատարանի որոշմամբ կարողացել է ստանալ այդ թույլտվությունը, եւ հիմա սկսել է շինարարությունը»,- գրել է Կարապետյանը և շնորհակալություն հայտնել Հրանտ Մելիք-Շահնազարյանին՝ մտահոգության համար:

Նշենք, որ քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում նշել էր, որ Երևանի Նոր Նորք վարչական շրջանում գտնվող Տիգրան Մեծի այգում մ.թ.ա. 2-րդ հազարամյակի ժայռապատկերներ կան, որոնք այս պահին ոչնչացման վտանգի տակ են: Նա կցել է հուշարձանների լուսանկարները և գրել, որ այդտեղ շինարարություն է ընթանում և շենքի կառուցման համար փորված փոսի հողն ու քարերը լցվում են հենց այդ ժայռապատկերների վրա։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ