Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ փետրվարին 100 միավոր ավտոբուսի մրցույթ կհայտարարեն։
«Աշխատում ենք նաև կառավարության հետ, որպեսզի այդ միջոցները կառավարությունը տրամադրի, այսինքն՝ թույլ տա, որպեսզի այդ վարկային միջոցները գան»,- ասաց քաղաքապետը՝ հույս հայտնելով, որ մինչև աշուն 100 ավտոբուսներն արդեն կլինեն Երևանում. «Այստեղ հարց է, թե հաղթող ընկերությունը կկարողանա հասցնել, որովհետև շատ ընկերություններ դանդաղ են ավտոբուս արտադրում, անգամ շատ անվանի ընկերություններ, չեն կարող այդպիսի մեծ քանակություն միանգամից արտադրել»,- նշեց նա:
Հայկ Մարությանը, անդրադառնալով ձնամաքրման աշխատանքներին, ասաց, որ փողոցների երթևեկելի մասի աշխատանքներից գոհ է, սակայն քաղաքապետին չի գոհացրել մայթերի մաքրությունը:
«Դրա բնական պատճառներն էլ կան: Մեր համայնքային կազմակերպությունը նոր է ստեղծվել, և չենք հասցրել համալրել տեխնիկան, որպեսզի նաև պատշաճ կերպով մաքրենք մայթերը: Երբ ասում եմ՝ դժգոհ եմ, չի նշանակում, որ աշխատանք չի կատարվել: Բավականին մեծ աշխատանք է կատարվել և շատ մայթեր մշակվել են աղ ու ավազով, շատ մայթեր մաքրվել են, բայց, այնուամենայնիվ, հզորությունները չեն բավարարում, որովհետև չկա տեխնիկա»,- նշեց Հայկ Մարությանը՝ հավելելով, որ հաջորդ տարի արդեն խնդիրը լուծված կլինի, քանի որ 2020թ․ քաղաքապետարանը նախատեսում է համապատասխան տեխնիկան գնել:
Անդրադառնալով մամուլի հրապարակմանն այն մասին, որ քաղաքապետի կինը «խառնվում է» քաղաքապետարանի գործերին, Հայկ Մարությանն ասաց․
«Ոչ ոք Հայաստանում և՛ օրենքով, և՛ դե ֆակտո չի կարող խառնվել Երևանի քաղաքապետարանի նշանակումների հարցին: Դրա մեջ մտնում են բոլորը: Բայց, թե՛ իմ կինը, թե՛ իմ ընկերները հենց առաջին օրվանից օգնում են, որ մենք կարողանանք մեր խոստումներն իրականացնել: Օրինակ՝ իմ կինը և իր մի խումբ ընկերներ, օգնել են մեզ, զրոյից ծրագիր են գրել, որպեսզի 5.3 մլն եվրո դրամաշնորհ լինի Երևան քաղաքին: Իրենք այդ ծրագիրն իմ խնդրանքով գրել են, մենք դիմել ենք և մեծ մրցույթում հաղթել ենք: Խոսքը վտանգավոր թափոնների ծրագրի մասին է»,- նշեց քաղաքապետը:
Հայկ Մարությանը դեռ չի որոշել՝ հանրաքվեի քարոզարշավի ընթացքում արձակուրդ վերցնելու է, թե ոչ. «Եթե արձակուրդ չվերցնեմ, քարոզելու եմ աշխատանքային ժամերից դուրս»,- նշեց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը