15 01 2020

2019-ին գրանցվել է աշխատավայրում պատահած 22 դժբախտ դեպք

2019-ին գրանցվել է աշխատավայրում պատահած 22 դժբախտ դեպք

2019թ․ ընթացքում Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության վարչությունը ստացել է տեղեկատվություն աշխատավայրում տեղի ունեցած 22 դժբախտ դեպքի վերաբերյալ, որոնց հետևանքով տուժել է 25 մարդ։ Այս մասին նշված է տեսչական մարմնի Facebook-ի էջում:

Հաղորդագրության մեջ նաեւ ասվում է.

«Դեպքերից 5-ը եղել է մահվան ելքով, 2 դեպքում աշխատողները ստացել են ծանր մարմնական վնասվածք, 18 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Տարբեր ծանրության վնասվածքներ ստանալու ամենամեծ մասը՝ 22-ից 9-ը, գրանցվել է հանքարդյունաբերության ոլորտում, որոնցից 1-ը՝ մահվան ելքով:

3 դեպք տեղի է ունեցել շինարարության ոլորտում՝ 1 մահվան ելքով, 5-ը՝ մշակող արդյունաբերության ոլորտում՝ 2 մահվան ելքով և 5-ը՝ սպասարկման ոլորտում՝ 1 մահվան ելքով:

Աշխատավայրում վնասվածքներ ստանալու դեպքեր ամենահաճախը գրանցվել են «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում՝ 22-ից 6-ը։

Հարկ է նշել, որ ԱԱՏՄ աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության վարչությունը 2019թ․ հարուցել է 15 վարչական վարույթ, որից 7-ը եղել է հենց աշխատավայրում վնասվածքներ ստանալու ու դժբախտ դեպքերի արձանագրման հիմքով։

Դրանց դեպքում գործատուին տրվել է խախտումները վերացնելու վերաբերյալ կարգադրագիր և կիրառվել է վարչական տույժ:

ԱԱՏՄ-ն տնտեսվարողներին հիշեցնում է՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 261-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ աշխատավայրում աշխատողի մահվան դեպքում գործատուն պարտավոր է դեպքի մասին անհապաղ հայտնել ԱԱՏՄ։

Միաժամանակ, ՀՀ կառավարության 458 Ն որոշման համաձայն՝ դժբախտ դեպքի ծառայողական քննության ավարտից հետո՝ 3-օրյա ժամկետում, ծառայողական քննության նյութերն ակտի հետ մեկտեղ պետք է ուղարկվեն տեսչական մարմնին։

Միաժամանակ, տեսչական մարմինը խստորեն հորդորում է լրջագույնս պահպանել աշխատողների առողջության պահպանման եւ անվտանգության ապահովման նորմերը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ