168.am-ը հայտնում է․ «ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին շնորհավորել եմ իմ ներքին մղումով, գտնում եմ, որ արդար կլինի, որ շնորհավորեմ։ Այս մասին 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց բանաստեղծ և հասարակական գործիչ Ռազմիկ Դավոյանը։
Դիտարկմանը, որ իր շնորհավորանքին արձագանքել է իրեն քաղաքագետ անվանող Գրիգոր Քեթցյանը՝ նշելով, որ «բանաստեղծ չեն դառնում, բանաստեղծ ծնվում են», Ռազմիկ Դավոյանը պատասխանեց.
«Էդ որտեղի՞ց ինքը գիտի, այդ ես գիտեմ, որ բանաստեղծ չեն դառնում, բանաստեղծ ծնվում են»։
Հարցին՝ ի՞նչ կասեք Գրիգոր Քեթցյանին, որն ասել է, որ իր բանաստեղծությունները դեռ չի կարդացել, իսկ երբ կարդա, խոստանում է կարգալույծ անել իրեն, Ռազմիկ Դավոյանը պատասխանեց.
«Ես արդեն գիտեմ, որ անհեթեթությունների հսկայական կուտակումներ կան, և որևէ անհեթեթություն ինձ տարօրինակ չի թվում։ Որ ասում եմ՝ չեմ կարդում, չեմ հետևում, խնդիրն այն է, որ իմ տեղյակությունն ինձ ներքաշելու է ավելորդ խոսակցությունների մեջ։ Պարոն Քեթցյանը չէ, որ պետք է ինձ օծի բանաստեղծ կամ Աստված, ինձ բանաստեղծ օծել է Աստված, և նա մինչև հիմա կարգալույծ չի անում»։
Բանաստեղծը նաև շեշտեց, որ բոլոր այն մարդիկ, որոնք կարծում են, թե ինքը պետք է լռի, թող իմանան, որ պատրաստվում է հրապարակել բանաստեղծությունների նոր ժողովածու։
Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու պահանջին և այդ նախաձեռնությանը միանալու փաստին՝ Ռազմիկ Դավոյանը նշեց, թե այն, որ այսքան ժամանակ այդ խափանման միջոցը չի փոխվում, ցույց է տալիս մեկ բան.
«Դա այնքան պրիմիտիվ գործ է, որ պետք է վաղուց արված լիներ, բայց եթե չի արվել, նշանակում է՝ դրա տակ ինչ-որ բաներ են թաքնված»։
Ռազմիկ Դավոյանը վստահ է՝ եթե փոխվի ՀՀ երկրորդ նախագահի խափանման միջոցը, և նա հայտնվի ազատության մեջ, չի կարող վտանգ ներկայացնել որևէ մեկի համար։
«Ես նրա բնավորությանը ծանոթ եմ, նա վրիժառությամբ լցված չէ որևէ մեկի նկատմամբ»,- ասաց Ռազմիկ Դավոյանը։
Բանաստեղծը Հայաստանի գլխավոր խնդիրը համարում է պետականության կառուցումը, իսկ այն, ինչ տեղի է ունենում Ռոբերտ Քոչարյանի շուրջ կամ 2018 թվականի ապրիլյան իրադարձություններից հետո, որակում է այդ գլխավոր խնդրի լուծմանը չմիտված գործընթաց։
«2018 թվականին տեղի ունեցած իրադարձությունը հեղափոխություն չէ. այդ կոչերը, որոնք հնչեցին, ժողովրդի ամենազգայուն տեղերին կպչող կոչեր էին՝ գնում ենք գող բռնելու, բայց ես չգիտեմ՝ բռնո՞ւմ են, թե՞ ոչ։ Ինձ քիչ է դա հետաքրքրում։ Ինձ հետաքրքրում է այլ բան՝ այդ ամենը պետությա՞ն, թե՞ իշխանության համար էր»,- ասաց Ռազմիկ Դավոյանը։
Նա նաև նկատեց, որ որևէ տնտեսագետից դեռ չի լսել, որ հասարակության յուրաքանչյուր անդամի կյանքը բարեկեցիկ է դարձել 2018 թվականից հետո։ Դիտարկմանը, որ Կառավարությունը 10 տոկոսով բարձրացրել է ուսուցիչների, զինվորականների աշխատավարձերը, բարձրացրել է նաև թոշակները, Ռազմիկ Դավոյանն այսպես արձագանքեց.
«Ուսուցիչների աշխատավարձերի, թոշակների ողորմությունները… դա նախարարների ստացած աշխատավարձերի համեմատ՝ լրիվ ողորմություն է։ Նախարարները պետք է կարողանան նախարարության արդյունավետությունը բարձրացնել այնքան, որ հետո 1 կամ 10 միլիոն ստանան, ժողովուրդը չասի, թե՝ մենք սովից կոտորվում ենք, իսկ դուք այս ի՞նչ աշխատավարձ եք ստանում»:
Նա նաև նկատեց, որ 2018 թվականին տեղի ունեցած իրադարձություններից հետո այնպիսի թշնամանք կա միմյանց միջև, ինչպիսին երբեք չի եղել։
«Էնպիսի ատելություն կա միմյանց նկատմամբ, այնպիսի թշնամանք, որպիսին չի եղել երբեք։ Սիրո և համերաշխության ակունքը թշնամությո՞ւնն է։ Ես չգիտեմ, թե էսպես գնանք՝ ո՞ւր կհասնենք, բայց գիտեմ, որ կա մի կարևոր խնդիր. Աստված ասել է՝ սիրեցեք միմյանց, բայց մենք դրան դեռ չենք հասել, իսկ դրանից առաջ կա ամենակարևորը՝ հարգանքն իշխանավորի և ժողովրդի միջև։ Երբ դա չկա, ապա սեր և համերաշխություն լինել չի կարող»,- ասաց Ռազմիկ Դավոյանը։
Նրա համոզմամբ՝ այժմ պետություն չի կերտվում, և դա է ամենագլխավոր խնդիրը։ Խոսելով Արցախի մասին՝ Ռազմիկ Դավոյանը նշեց, որ Հայաստանի նախագահներից և՛ Ռոբերտ Քոչարյանի, և՛ Սերժ Սարգսյանի էության անբաժան մասն է կազմում Արցախը. այդ մարդիկ որևէ ոտնձգություն Արցախի հարցում թույլ չեն տա, անկախ նրանից՝ կլինեն կալանավորվա՞ծ, թե՞ ոչ։
Հարցին՝ իսկ արդյո՞ք Արցախը նաև Արմեն Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի էության մաս է կազմում, Ռազմիկ Դավոյանը պատասխանեց.
«Արցախը Նիկոլ Փաշինյանի և Արմեն Սարգսյանի էության մաս չի կազմում. կապ չունեն բոլորովին»։
Ռազմիկ Դավոյանը խոսեց նաև իր առաջարկի մասին, որը վերաբերում է հասարակական իրական դաշինք ստեղծելուն։
Ըստ բանաստեղծի՝ նման դաշինք կարող են ստեղծել բոլոր կուսակցությունները՝ մի կողմ դնելով իրենց կուսակցական և անձնական ամբիցիաները։
Նրա խոսքով՝ այս հասարակական դաշինքը պետք է դրվի պետություն ստեղծելու հիմքում, իսկ եթե կուսակցությունները չգնան այս քայլին, ապա կշարունակեն չունենալ պետականություն։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը