09 01 2020

Բալային համակարգն անհավասար է Երևանի և մարզերի վարորդների համար. Տիգրան Քեյան



Կարծում եմ, որ բալային համակարգը որոշ վարորդների կսթափեցնի և կփորձեն երթևեկել պահպանելով ճանապարհային կանոնները: Այս մասին Yerevan.today-ի հետ զրույցում ասաց «Վարորդի ընկեր» հ/կ նախագահ Տիգրան Քեյանը` անդրադառնալով այս տարվա հունվարի մեկից արդեն գործող նոր բալային համակարգին, որով սահմանվում է, որ եթե վարորդները խախտում են անում, ապա համապատասխան կզրկվեն իրենց տրված 9 բալից, որը սպառելուց հետո ժամանակավոր կզրկվեն նաև վարելու իրավունքից:

«Եթե վարորդը վարորդական վկայականից զրկվի, դա լինելու է որոշակի ժամկետով, մինչև ժամկետի լրանալը ոչինչ չի կարողանալու անել և զրկվելուց հետո նոր ամբողջությամբ քննական պրոցես պետք է անցնի՝ գործնական և տեսական, որպեսզի նոր վարորդական վկայական ձեռք բերի: Իսկ  կասեցումը ժամանակավոր վարորդական վկայականի գործողության կասեցումն  է, որի ավարտից հետո այդ վարորդական վկայականը նորից  համարվում է գործող, և վարորդն առանց քննություն հանձնելու  կամ վերահանձնելու  կարող է  երթևեկել»,- նշեց մեր հյուրը:

Ինչ վերաբերում է հարցին՝ նոր բալային համակարգի համար առանձնացված 25 խախտումները բոլո՞րն են ամենավտանգավոր իրավիճակները ստեղծում ճանապարհին, Տիգրան Քեյանը պատասխանեց. «Ես չէի ասի, որ ամենավտանգավորներն են: Կան շատ խախտումներ, որոնք նվազ նշանակության են համարվում, դրանք կանգառ-կայանում իրականացված խախտումներն են, որոնց համար ևս բալեր են նախատեսվում»:

Տիգրան Քեյանը նաև ընդգծեց, որ իրենք մինչև օրենքի ընդունումը առաջարկ են արել, որը սակայն չի ընդունվել. «Առաջարկ էինք ներկայացրել, որ ոչ բոլոր իրավախախտումների դեպքում տեսանկարահանող սարքերի միջոցով արձանագրվելիս  բալեր կիրառվեն, այլ հիմնականում այն իրավախախտումների համար բալերը կիրառվեն, որոնք ավելի շատ  վտանգավոր են և մահացու վթրաներ են լինում»:

«Վարորդի ընկեր» հ/կ նախագահը նաև հավելում է, որ այս համակարգով հավասարության սկզբունքն է խախտվում, որովհետև հիմա միայն Երևան քաղաքում է տեսանկարահանող սարքերով իրավախախտումները հսկվում, իսկ մարզային ոչ մի  քաղաքում կամ միջմարզային ոչ մի ճանապարհին բացի արագաչափերից այլ սարքեր չկան. «Ստացվում է, որ Երևանի բանկիչներն ինչ-որ ձև սեղմված են լինելու, բայց հարևան քաղաքներում ոնց ուզեն, կերթևեկեն»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ