ԱԻՆ-ից հայտնում են՝ ամանորյա տոներն ուրախ, բարձր տրամադրությամբ և առանց պատահարների անցկացնելու համար անհրաժեշտ է, որ խստագույնս պահպանվեն Ամանորի խորհրդանիշը հանդիսացող տոնածառի հրդեհային անվտանգության կանոնները: Մասնավորապես.
- Տոնածառը տեղադրեք ամուր հիմքի վրա այնպես, որ ճյուղերը չդիպչեն պատերին, առաստաղին և գտնվեն էլեկտրասարքերից ու կենցաղային վառարաններից անվտանգ հեռավորության վրա.
- Տոնածառը թույլատրվում է տեղադրել 1-ին (ծայրահեղ դեպքում` 2-րդ) հարկում, ընդարձակ սենյակում, որն ունենա մեկից ավելի տարհանման ելք.
- Տոնածառի բունը դրեք թաց ավազով լցված դույլի (տարայի) մեջ և չորանալուն զուգընթաց՝ թրջեք ավազը.
- Եթե եղևնին չորացել է՝ դեն նետեք, քանի որ այն կարող է բռնկվել ինչպես ջահը.
- Լուսավորության համար պետք է օգտագործել 12Վտ-ից ոչ ավելի հզորության էլեկտրալամպեր, իսկ դրանց ու լարերի միացման տեղերն անպայման զոդել և հուսալիորեն մեկուսացնել.
- Ամանորյա հանդիսությունների համար նախատեսված տեղերում անհրաժեշտ է մշտապես ունենալ հրդեհաշիջման սկզբնական միջոցներ` կրակմարիչ, ջուր, ավազ, ծածկոց և այլն, ինչպես նաև էլեկտրական լապտեր.
- Տոնածառերի հսկողությունը պետք է իրականացնեն նախօրոք հրահանգավորում անցած անձինք:
Չի թույլատրվում`
- տոնածառը տեղադրել անցումների վրա, միջանցքներում, դռան առջև.
- օգտագործել աղեղնավոր լուսարձակներ, տարատեսակ հրդեհապայթյունավտանգ հրավառություններ, ճայթռուկներ, լուսավորել մոմերով, վառել հրավառելիք, ստեղծել այլ լուսային հրդեհավտանգ էֆեկտներ, որոնք կարող են հրդեհի պատճառ դառնալ.
- օգտագործել գնդակներ, փուչիկներ, խաղալիքներ և զարդարանքի միջոցներ, որոնք պատրաստված են հրդեհավտանգ, ինչպես նաև ինքնայրման հակում ունեցող կամ միմյանց հետ շփվելիս այրում կամ պայթյուն առաջացնող նյութերից և պարունակում են հրդեհապայթյունավտանգ գազեր.
- տոնածառը զարդարել հրապաշտպան բաղադրություններով չտոգորված ցելուլոիդե խաղալիքներով, թանզիֆով, բամբակով.
- միջոցառումների անցկացման տեղերը մթնեցնելու համար պատուհանները փակել ծածկոցափեղկերով, փոքրացնել կարգերի միջև եղած հեռավորությունները, ինչպես նաև անցումներում լրացուցիչ բազկաթոռներ տեղադրել, միջոցառումների ժամանակ դահլիճում լույսը մարել.
- ելքի նախամուտքերում, տարհանման ուղիներում պահել որևէ տեսակի գույք և նյութեր, խցանել տարհանման ելքերը, տարհանման ճանապարհներին ստեղծել մարդկանց ազատ տարհանմանը խոչընդոտող հարմարանքներ:
Հիշե՛ք. Հատկապես վտանգավոր են արծաթափայլ, ոսկեգույն զանազան «անձրևները» (նույնիսկ՝ գործարանային արտադրության), որոնք պատրաստված են ալյումինե նրբաթիթեղից: Դրանք կարող են միակցել էլեկտրական զարդաշարանները, եթե լամպի կոթառը դուրս է ընկել բնիկից:
Մի՛ մոռացեք. Չի կարելի երեխաներին թողնել տոնածառերի մոտ առանց հսկողության, դա կարող է դժբախտ պատահարների պատճառ դառնալ:
Իսկ եթե այնուամենայնիվ հրդեհ է առաջացել, անհրաժեշտ է իրականացնել հետևյալ գործողությունները.
Երբ այրվում է էլեկտրական զարդաշարանը՝ անմիջապես անջատեք այն էլեկտրական շղթայից կամ հոսանքազրկեք տեղամասը ընդհանուր էլեկտրական վահանակի անջատիչներով.
Ահազանգեք հրշեջներին և երեխաներին դուրս բերեք սենյակից.
Տոնածառը շրջեք հատակի վրա, որպեսզի կրակը չտարածվի վերև (կարող են բռնկվել պաստառներն ու վարագույրները), ծածկեք ծածկոցով, կրակի վրա ավազ ցանեք կամ ջուր լցրեք (եթե դա բնական եղևնի է).Սինթետիկ (արհեստական) տոնածառը շատ արագ է այրվում, ընդ որում այն հալվում ու հոսում է՝ այրման ժամանակ արտազատելով թունավոր նյութեր (ածխածնի օքսիդ, սինիլաթթու, ֆոսգեն): Այրվող պոլիմերները ջրով հանգցնելը վտանգավոր է, քանի որ հնարավոր է կայծերի ու հալված զանգվածի ցրում (ցրվածք): Անպաշտպան ձեռքերով մի դիպչեք այրվող տոնածառին, վրան գցեք խիտ գործվածքից ծածկոց և ավազ լցրեք.
Մի՛ բացեք դռներն ու պատուհանները, քանի որ միջանցիկ քամին էլ ավելի կբորբոքի կրակը.
Եթե հրդեհը մարելն անհնար է, ապա պինդ փակեք այրվող սենյակի դուռը և դրսի կողմից ջուր ցանեք վրան.
Զանգվածային միջոցառումների ժամանակ, երբ առկա է երեխաների մեծ կուտակում, տարհանման ժամանակ հրմշտոցի հետևանքով հնարավոր ծանր հետևանքներից խուսափելու համար անհրաժեշտ է նախատեսել խուճապը կանխելու գործողությունների ծրագիր: Այդ իսկ պատճառով նմանօրինակ միջոցառումների ժամանակ տոնածառների հսկողությունը պարտադիր պետք է իրականացնեն նախօրոք հրահանգավորում անցած անձինք:
Կարևոր է հասկանալ, որ անվտանգության կանոնների պահպանումը մեծ ջանքեր չի պահանջի, փոխարենը կապահովի անվտանգությունն ու բարձր տրամադրությունը Ամանորյա հանդիսությունների ժամանակ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը